Բավարիայի ոստիկանությունը փորձարկել է ծրագրային ապահովում, որն ունակ է հանցագործությունները կանխատեսել կատարված իրավախախտումների առկա վիճակագրության հիման վրա: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Գերմանական ընկերության մշակած ծրագիրը կանխատեսում է, թե որտեղ և երբ կարող է խախտվել օրենքը: Ծրագրի կիրառման արդյունքները դեռ չկան. Գերմանիայի իրավապահները պետք է որոշեն՝ նորամուծությունը մաս դարձնեն, թե ոչ:
Հայտնի է, որ նորույթով հետաքրքրվել է երկրի մյուս քաղաքների, այդ թվում՝ Բեռլինի ոստիկանությունը:
Միաժամանակ, ծրագիրն արդեն ընդդիմադիրներ ունի: Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ դրա կիրառման ժամանակ կօգտագործվեն Գերմանիայի քաղաքացիների անձնական տվյալները:
Ծրագրային ապահովումը կոչվում է «հանցագործությունների կանխարգելման համակարգ» կամ precob (Pre-Crime Observation System):
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ոստիկանությունները ևս անվտանգության նման համակարգեր են փորձարկում: Իսկ Սինգապուրում նման նախաձեռնություն արդեն իրագործվում է «Անվտանգ քաղաք» անվանումով:








































