Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է 2015թ. ՀՆԱ-ի անկում 0,8%-ով՝ 1,2% աճի փոխարեն, ինչպես ենթադրվում էր նախորդ կանխատեսման մեջ: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Վեդևը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը նոր կանխատեսման մեջ նաև կտրուկ վատացրել է հաջորդ տարի կապիտալի արտահոսքի կանխատեսումն ու ինֆլյացիայի թվերը, կանխատեսել է նաև բնակչության իրական եկամուտների անկում:
Միաժամանակ, նախարարությունում ենթադրում են, որ ռուսական տնտեսությունը կկարողանա աճը վերականգնել արդեն 2016թ.:
«ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2014թ. մենք բարձրացրել ենք մինչև 0,6% նախորդ կանխատեսման 0,5%-ի դիմաց: Նաև էականորեն փոխվել է 2015թ. ՀՆԱ-ի աճի գնահատականը՝ կանխատեսման ընթացիկ տարբերակը հիմնվում է 0,8%-ով անկման վրա»,- ասել է Վեդևը:
Նրա խոսքով՝ դա կապված է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի երկրների սահմանած պատժամիջոցների և ներդրողների շրջանում անորոշության հետ:










































