Իտալիայի նախկին վարչապետ, «Ազատության ժողովուրդ» (ԱԺ) կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարվել է աջակենտրոն կոալիցիայի առաջնորդ։ Դա հաստատել է ԱԺ նախընտրական շտաբի ղեկավարը։ Կիրակի օրն ընտրական հանձնաժողովը հանձնել է կուսակցական խորհրդանիշը, որի տակ փետրվարի 24-25-ը կայանալիք ընտրությունների ժամանակ կմիավորի 7 կուսակցություն։
Ավելի վաղ Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել, սակայն հետո հրաժարվել էր՝ հայտարարելով, որ ընտրություններում իրենց կոալիցիայի հաղթելու դեպքում կբավարարվի էկոնոմիկայի նախարարի պաշտոնով։ 76-ամյա Բեռլուսկոնին հայտարարել է, որ հաղթանակի դեպքում վարչապետ կնշանակվի իր երիտասարդ կուսակից Անջելիո Ալֆանոն։
Ընտրությունների ժամանակ Բեռլուսկոնիի կուսակցության և նրա կողմնակիցների գլխավոր հակառակորդները կլինեն ձախակենտրոն ուժերը։ Վերջիններիս առաջնորդը Դեմոկրատական կուսակցության ղեկավար Պիեռ Լուիջի Բերսանին է։ Մյուս մրցակիցները կենտրոնամետ են, նրանց կոալիցիայի ղեկավարը Մարիո Մոնտին է, ով մինչև դեկտեմբերի 21-ի հրաժարականը մեկ տարի Իտալիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում։








































