Japan Airlines ավիաընկերության Boeing 787 Dreamliner օդանավում կիրակի վառելիքի արտահոսք է հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում սա առաջին նմանօրինակ դեպքը չէ «երազանքի օդանավի» հետ: Վերջին դեպքը գրանցվել է Տոկիոյից ոչ հեռու գտնվող «Նարիտա» միջազգային օդանավակայանում:
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Jiji Press-ին, հունվարի 7-ին Բոստոնի օդանավակայանում վայրէջքից հետո Japan Airlines-ի այլ Boeing 787 Dreamliner էր հրդեհվել: Այդ ժամանակ ուղևորներն արդեն դուրս էին եկել, և ոչ ոք չէր տուժել:
Այս շաբաթ նմանօրինակ մի շարք անսարքություններ էին գրանցվել նաև մեկ այլ ճապոնական ավիաընկերության՝ All Nippon Airways-ի «երազանքի օդանավերում»:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտարարել է մոդելային շարքի օդանավերի անվտանգության ստուգում անցկացնելու մտադրության մասին:
Նշենք, որ Japan Airlines-ն ու All Nippon Airways-ը «երազանքի օդանավերի» գլխավոր գնորդներից են: Ճապոնական ավիափոխադրողները ձեռք են բերել ընդհանուր թվով 45 Boeing 787 Dreamliner:









































