Այսօր Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բավարարել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերանայման մասին միջնորդությունը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Մուրաբաքի կողմնակիցները դատարանի դահլիճում և դատարանի շենքի մոտ այդ որոշմանը արձագանքել են հիացմունքի ճիչերով:
Հիշեցնենք, որ Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Նոր լսումների մեկնարկի հստակ ամսաթիվ չի նշանակվել: Հաղորդվում է, որ Մուբարաքի դատավճռի հետ կվերանայվի նաև երկրի Ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիի դեմ կայացված դատավճիռը, որով նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Գործի վերանայումը տեղի կունենա այլ դատարանում:
Այդ գործով անցել են նաև Եգիպտոսի ոստիկանության 6 նախկին բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք արդարացվել են, և Մուբարաքի երկու որդիները ՝ Ալյան և Գամալը, որոնք նույնպես արդարացվել են իշխանության չարաշահման և կոռուպցիայի մեղադրանքներով:
Գործի բոլոր մասնակիցները շարունակում են գտնվել բանտում, քանի որ նրանք նաև այլ գործի մասնակից են:







































