Բալթիկ ծովին բնապահպանական աղետ է սպառնում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ծովի հատակում գտնվող մինչև 50 հազար տոննա քիմիական նյութի պատճառով: Եթե անհապաղ չսկսեն դրանք հեռացնել, ապա դա կարող է հանգեցնել ծովի ջրերի վարակման: Այս մասին Վարշավայում կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Ընկղմված զենքի վերաբերյալ միջազգային երկխոսություն» նախաձեռնության ղեկավար Տորենս Լոնգը` գրում է Rosbalt-ը:
Հաղորդվում է, որ որոշ հատվածներում զենքի կուտակումն այնքան մեծ է, որ մեկ ռումբի պայթյունը կարող է բերել ընկղմված ողջ զինամթերքի ճայթման:
Լեհաստանի շրջակա միջավայրի պահպանության գլխավոր տեսուչ Անջեյ Յագուսևիչի խոսքով՝ Բալթիկ ծովի հատակում մեծ թվով քիմիական զենք կա, մասնավորապես` մանանեխի գազ, նյարդային համակարգը կաթվածահար անող «տաբուն», «ֆոսգեն» և այլ գազեր:
Նա ընդգծել է, որ Լեհաստանը կդիմի ՆԱՏՕ-ին` Բալթիկ ծովի հատակը մաքրելու խնդրանքով, քանի որ այն աղտոտել են հենց Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս անդամները:









































