Վերջին տարիներին Հայաստանից արտագաղթն այնքան է մեծացել, որ եվրոպական երկրների այն քաղաքներում, որտեղ ընդհանրապես հայ չի եղել, հիմա հայկական կուռ համայնքներ են ձևավորվել: Այդպիսի քաղաքներից է, օրինակ, Ֆրանսիայի Նանսի քաղաքը: Նանսիի հայ համայնքի հիմնադիր ղեկավար Արթուր Ավետյանի խոսքերով՝ մինչև 2000 թվականն այդ քաղաքում հայ չի եղել: 2000-ին արդեն եղել են չորս հայ ընտանիքներ, իսկ այսօր Նանսիում ապրում են 3000 հայեր: Նրանք հիմնականում Հայաստանից արտագաղթածներ են: Նրանց մի մասը մեր երկրից ուղիղ Ֆրանսիա է արտագաղթել, ոմանք էլ նախ մեկնել են եվրոպական այլ երկրներ՝ ապրելու համար, ապա չհարմարվելով՝ տեղափոխվել են Ֆրանսիա:
Եվ Նանսիում ապրող հայերի մեծ մասը դեռ չունի Ֆրանսիայի քաղաքացիություն: Նրանց մի մասը պարզապես կացության երկարաժամկետ կամ կարճաժամկետ իրավունք ունի: Մի մասն անգամ դա չունի: Բայց դա չի խանգարել, որ իրենց խնդիրները միավորելու կամ թեթևացնելու համար նրանք համայնք ձևավորեն, որը հիմնադրվել է 2011թ.: Ա.Ավետյանի խոսքերով՝ Նանսիի հայերի երեխաների մեծ մասը հայերեն չգիտի, անգամ ֆրանսերեն չգիտի: Պատճառն այն է, որ այդ ընտանիքներից յուրաքանչյուրը տարեգրության իր ճանապարհն է անցել:
Նրանց մի մասն անցել են տարբեր փորձությունների միջոցով և այլ երկրներ տեղափոխվելուց հետո են հաստատվել Ֆրանսիայում: Նրանց մոտ ձևավորվել է կիսահայերեն-կիսաֆրանսերեն խոսակցական խառը լեզու, որը համեմված է նաև իսպաներեն, անգլերեն կամ այլ լեզուներով: Այնտեղ գտնվող հայերից յուրաքանչյուրը կամ յուրաքանչյուր ընտանիք արտագաղթելու իր պատճառն ունի: Ոմանց օտար երկրներ է հասցրել հայրենիքում ապրուստի հնարավորություն չունենալը, մի մասը գնացել է բուժվելու նպատակով, ինչի հնարավարությունն այստեղ չեն ունեցել: Բայց Ա.Ավետյանի կարծիքով՝ շատերի մոտ պարզապես հոգեբանական խնդիր կա, նրանք Հայաստանում հոգեբանական ճնշվածություն են ունեցել: Նա հավատացնում է, որ շատ հայերի է հանդիպել, որոնք Հայաստանում շատ ավելի լավ հնարավորություններ են ունեցել, քան թե կարողանում են ստեղծել Ֆրանսիայում կամ այլ երկրներում:
Եվ բոլորովին էլ այնպես չէ, որ հասնելով Ֆրանսիա կամ այլ երկիր՝ արտագաղթողները կարճ ժամանակ հետո կարողանում են քիչ թե շատ նորմալ պայմաններում ապրել: Նրանք նախ հայտնվում են ներգաղթյալների համար հատկացվող ընդհանուր կացարանում՝ ճամբարներում, որտեղ հսկա սրահներում նրանց տրվում է ընդամենը քնելու հնարավորություն, և որտեղ կողք կողքի քնում են տարբեր ազգության ու կրոնի ներկայացուցիչներ: Եվ քանի որ Եվրոպայում ու հատկապես Ֆրանսիայում ներգաղթյալների թիվը գնալով աճում է, այդ երկրները չեն հասցնում, չեն կարողանում կամ գուցե չեն ցանկանում լուծել նրանց կացության խնդիրները: Ոմանց արտաքսում են, ում էլ չեն արտաքսում, որոշ ժամանակ անց կացության հնարավորություն, նպաստ, ապա ժամանակավոր կացության իրավունք են տալիս:
Ա.Ավետյանի խոսքերով՝ Նանսիում ու ընդհանրապես Ֆրանսիայում հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք կա, ու հազվադեպ է պատահում, որ հայի են արտաքսում: Այդ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է այդ երկրում ավելի վաղ՝ անցած դարասկզբին ձևավորված հայ համայնքի ունեցած դերով ու նշանակությամբ: Հայտնի է, որ Ֆրանսիայում կա բավականին մեծ ու որոշակի ազդեցություն ունեցող հայ համայնք: Ֆրանսիայում, առաջինը՝ Մարսելում, Վալանսում, Լիոնում, այնուհետև՝ Փարիզում ու այլ քաղաքներում հայկական մեծ ու հայտնի համայնքներ կան: Հայերն այդ երկրում բավականին օրինակելի քաղաքացիներ են եղել, մասնակցել են այդ երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքին և վայելել են ֆրանսիացիների դրական վերաբերմունքը: Ահա այդ վերաբերմունքն այսօր ինչ-որ առումով տարածվում է նաև անկախությունից հետո Հայաստանից արտագաղթած հայերի վրա: Արժի նշել, որ ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև տարբեր երկրներում ձևավորվում են սփյուռքահայերի երկրորդ համայնքները: Վերջին 20-25 տարիներին արտագաղթածներն էլ մեծ թիվ են կազմում: Եվ Ա.Ավետյանի խոսքերով, նոր արտագաղթածներն ավելի մեծ խնդիրներ են ունենում ավանդական սփյուռքի, քան թե ֆրանսիացիների հետ: Ավանդական սփյուռքը դժվարությամբ է ընդունում այսպես ասած՝ նոր հայերին:
Իսկ Ֆրանսիային ինտեգրվելու, միևնույն ժամանակ հայկականությունը պահպանելու նպատակով էլ Նանսիի հայ համայնքը ստեղծել է Հայ մշակույթի տուն, որտեղ դասավանդում են թե հայերեն և թե ֆրանսերեն: Ա.Ավետյանը համարում է, որ եթե այդ մարդիկ որոշել են իրենց կյանքը շարունակել այդ երկրում, ապա ճիշտ կլինի, որ կարողանան լիարժեք տիրապետել նաև ֆրանսերենին, ինտեգրվեն Ֆրանսիային, ինչպես նաև ծանոթանան այդ երկրի պատմությանն ու մշակույթին, ինչի համար էլ իրենք երբեմն տարատեսակ ուսուցողական միջոցառումներ են կազմակերպում:
Այնտեղ հայերի համար երբեմն խնդիրներ է հարուցում բավականին հզոր թուրքական համայնքը: Հայտնի է, որ թուրքերը ողողել են ինչպես Ֆրանսիան, այդպես էլ ողջ Եվրոպան: Նման խնդրից զերծ չէ նաև Նանսին, որը գտնվում է Գերմանիայից քիչ հեռու: Իսկ եվրոպական երկրներից հատկապես Գերմանիայում են շատ թուրքեր ապրում: Ա.Ավետյանը պատմում է, որ այդ քաղաքում գործում է «Քեմալ Աթաթուրք» կազմակերպությունը, որը ֆինանսապես շատ հզոր է ու երբեմն խոչընդոտում է իրենց միջոցառումներին: Օրինակ, տարիներ առաջ, երբ ցուցադրել են Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմը, դահլիճի կեսը լցվել էին թուրքերը, որոնք կեսից աղմկել և խանգարել են ցուցադրումը: Բայց դրանից հետո, երբ համայնքը կազմակերպել է Անրի Վեռնոյի «Մայրիկը» ֆիլմի ցուցադրումը, արդեն կարողացել է թուրքերին հեռու պահել: Իսկ հիմա համայնքը նախապատրաստվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին, և ամենայն հավանականությամբ թուրքերը կփորձեն որոշակի խոչընդոտներ հարուցել նաև այս անգամ:
Ընդունված է, որ Ֆրանսիայում ապրում են մոտ կես միլիոն հայեր: Բայց Ա.Ավետյանը գտնում է, որ հիմա դա շատ փոքր թիվ է: Անկախությունից հետո Հայաստանից այդ երկիր շատ մեծ թվով հայեր են գնացել, բացի այդ՝ Սիրիայից ու մերձավոր Արևելքի այլ երկրներից հայերի մեծ հոսք է եղել: Եվ չի բացառվում, որ մեր հայրենակիցների թվին այնտեղ արդեն կրկնապատկված լինի:









































