Եվրասիական՝ թղթի վրա գտնվող միությունում իրադարձությունները զարգանում են արագությամբ և զավեշտով: Ռուսաստանը լիովին արգելել է մսի մուտքը Բելառուսից: Բելառուսը պատասխանել է, որ եթե նման վերաբերմունքը շարունակվի, ապա կհետևեն պատասխան քայլեր: Ինչպես հայտնի է, Կրեմլը Մինսկին մեղադրում է իր մոտ արգելված եվրոպական մսի զարտուղի տարանցում կատարելու, այսինքն՝ եվրոպական միսը ռուսական շուկա տանող միջանցք դառնալու մեջ: Նույն մեղադրանքը նաև Ղազախստանին էր ուղղվել, և արգելքներ էին սահմանվել նաև Ղազախստանի համար: Իսկ ավելի առաջ էլ Ղազախստանն էր ռուսական արտադրության մի շարք ալկոհոլային խմիչքների մուտքն արգելել՝ հայտարարելով, որ չեն համապատասխանում անվտանգության ստանդարտներին:
Եվրասիական միությունը կամաց-կամաց վերածվում է քաղաքական անեկդոտի կամ աշխարհաքաղաքական անեկդոտի: Այսինքն՝ արդեն իսկ վերածված է, ընդ որում՝ անեկդոտի էլ չէ, այլ ստեղծագործական խմբակի, որտեղ անեկդոտներ են արտադրվում արագընթաց ռեժիմով: Հայաստանը դառնում է անեկդոտի երկրորդ պլանի դերակատար: Որևէ նորմալ պետություն գոնե նման բալագանից հետո կհրաժարվեր Եվրասիական միությունից, բայց Հայաստանը չի կարող և ստիպված է դառնալ անեկդոտի դերակատարներից մեկը՝ սպասելով երկրորդ պլանում, մինչև որ Ռուսաստանը կփորձի օգտագործել Հայաստանին Բելառուսի և Ղազախստանի դեմ պայքարում:
Ընդհանուր առմամբ իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն ինքը կարող էր օգտվել զավեշտից՝ խաղալով Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի հակասությունների վրա: Բայց դրա համար Հայաստանին ինքնիշխանություն է պետք, իսկ ինքնիշխանություն լինելու դեպքում Հայաստանը չէր անդամակցի Եվրասիական միությանը, որովհետև այն բացարձակապես պետք չէ: Պետք չէ և՛ անեկդոտային, և՛ անգամ լուրջ վիճակում, որովհետև լուրջ վիճակում Եվրասիական պատկերն առավել սարսափելի է:
Այդ տնտեսական տարածության գեներատոր հանդիսացող Ռուսաստանը երեկ հերթական հարվածը ստացավ՝ ի դեմս ՕՊԵԿ-ի որոշման: Նավթ արդյունահանող երկրները հայտարարեցին, որ չեն պատրաստվում նվազեցնել արդյունահանման ծավալները: Դա հերթական անգամ արձանագրեց նավթի գների կտրուկ անկում՝ չնայած Ռուսաստանը փորձում էր ՕՊԵԿ երկրների գագաթնաժողովից առաջ մի քանի երկրների հետ ակտիվ աշխատել արդյունահանման ծավալները նվազեցնելու և այդ միջոցով նավթի գները բարձրացնելու հարցում պայմանավորվելու համար: Ռուսաստանը, փաստորեն, տապալվեց նաև այստեղ:
Չկա ռուսական նավթագազային «դրախտը», չկա տնտեսություն Եվրասիական միությունում, և ամեն մեկը կտեսնի իր գլխի ճարը: Իսկ Հայաստանը չի կարող: Չի կարող, որովհետև Եվրասիական եռյակում ամենաանճարն է և Եվրասիական՝ թղթի վրա գոյություն ունեցող միությունը Հայաստանի համար իրական շղթա է: Բելառուսն ու Ղազախստանն ունեն չշղթայվելու ուժ, նրանք այսօր իսկ ցուցադրում են՝ պարբերաբար կսմթելով Ռուսաստանին և զիջումներ կորզելով տարբեր հարցերում: Հայաստանն այդ ուժը չունի, և անգամ ֆորմալ վիճակում ԵՏՄ-ն Հայաստանի համար շղթա է, որը թույլ չի տալու տնտեսության լայն զարգացում, թույլ չի տալու ազատ հարաբերություն քաղաքակիրթ աշխարհի հետ և ամենագլխավորը՝ թույլ չի տալու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առարկայական առաջընթաց: Պուտինն այդ մասին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում է հայտարարել՝ թույլ չտալ գունավոր հեղափոխության մոտեցում Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանը Հայաստանին վաղուց է դիտարկում լոկ որպես տարածք, ինչի մասին հենց Պուտինի այցը վկայեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: Նա իր այցը սկսեց ոչ թե Հայաստանի պետական ինստիտուտներից, այլ Գյումրիի ռազմակայանից՝ ցույց տալով, որ Հայաստանն իր համար տարածք է, ոչ թե պետություն: Հետևաբար արտահայտվելով «գունավոր հեղափոխությունների» դեմ և ԱԽ նիստում խոսելով դրանց հակազդելու անհրաժեշտության մասին՝ Պուտինն անկասկած նկատի ուներ նաև Հայաստանը:
Անշուշտ, ՌԴ համար Հայաստանը սեփական տարածքի ընկալում ունենալու վկայությունները բազմաթիվ են՝ Պուտինի այցից զատ: Ռուսաստանի դեսպանը, այլ պաշտոնյաներ ու էմիսարների բացահայտորեն են Հայաստանին ցուցումներ տալիս տարբեր հարցերի վերաբերյալ: Իսկ այն, որ Պուտինը «գունավոր հեղափոխությունների» մասին ԱԽ նիստում է խոսում, վկայում է, որ խնդիրը շատ լուրջ են դիտարկում, համարում են առարկայական մարտահրավեր: Իսկ թե ինչ է«գունավոր հեղափոխություն» ասվածը ՌԴ իշխանությունների համար՝ պարզ է վաղուց: «Գունավոր հեղափոխությունը» պետությունների արագ բարեփոխումն ու ժողովրդավարական մեխանիզմների արագ ընդլայնումն է, միաժամանակ արտաքին քաղաքական կուրսի որոշման ինքնուրույնությունը: Ու քանի դեռ Հայաստանը ԵՏՄ-ում է կամ Ռուսաստանի կայսրության կազմում, Հայաստանում ժողովրդավարական հեռանկարներն արդեն բախվում են ոչ թե Հայաստանի քրեաօլիգարխիայի պատին, այլ անմիջականորեն Կրեմլի: Հետևաբար, ռեժիմը խուճապի մեջ է թե խուճապի մեջ չէ, արդեն էական չէ: Էականն արդեն այն է, թե ինչի մեջ է Կրեմլը, կամ Կրեմլը ինչի մեջ է Հայաստանը գցել: Հայաստանը հայտնվել է անեկդոտների արտադրամասի «պոչամբարում»:









































