Այսօր, ինչպես միշտ, արաբական աշխարհում թեժ է լինելու, քանի որ ուրբաթօրյա աղոթքից հետո շատ երկրներում քաղաքացիները պատրաստվում են դուրս գալ հրապարակներ: Սիրիական ընդդիմությունը նախօրեին իր կողմնակիցներին և Սիրիայի ողջ ժողովրդին կոչ է արել դուրս գալ Դամասկոսի և մյուս խոշոր քաղաքների փողոցներ` բողոքի ցույցեր անցկացնելու: Ընդդիմությունը դժգոհ է մնացել Բաշար Ալ-Ասադի առաջ քաշած բարեփոխումների ծրագրից, որոնք եղել են հատվածական և առանց հստակ ժամանակացույցի:
Մինչդեռ երեկ երկրի նախագահը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է քննարկի և որոշի արտակարգ դրության վերացման հնարավորությունները, որ մտցվել է Սիրիայում 50 տարի առաջ: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը: Բաշար Ալ-Ասադը նաև հրահանգել է ստեղծել հանձնաժողով, որը կանցկացնի Դարա’ա և Լաթակիա քաղաքներում տեղի ունեցած բախումների հանգամանքերը և կորոշի մեղավորներին:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից Սիրիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով զոհվել է 60-120 մարդ: Ցուցարարները բողոքել են համատարած կաշառակերության դեմ, օրենքի առաջ բոլորի հավասարության համար:









































