Հայաստանը երկուշաբթի հայտարարեց երեք զինվորների հոգեհանգստյան արարողության մասին, ովքեր այս ամիս զոհվել էին, երբ Ադրբեջանի զորքերը խոցել էին ուղղաթիռը Լեռնային Ղարաբաղի տարածքում, իրադարձություն, որը հակամարտության ավելի քան 25 տարիների լարվածության լուրջ ազդանշան էր: Այս մասին The New York Times-ում գրում է Դևիդ Հերշենհորնը:
«Այդ էպիզոդում գրեթե ամեն ինչ եղել է վիճաբանության առարկա: Հայաստանի պաշտոնյաներն ասում են, թե ռուսական արտադրության Մի-24 ուղղաթիռը ուսումնավարժական առաքելությամբ թռիչք էր կատարում, երբ խոցվել է նոյեմբերի 12-ին կողմերի շփման գծին գրեթե մոտ, իսկ Ադրբեջանը հայտնում է, թե ուղղաթիռը «հարձակողական մանևրումներ» է արել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- գրում է Հերշենհորնը:
Կիրակի հայ պաշտոնյաները հայտնեցին, որ ուղղաթիռի երեք հոգանոց անձնակազմի անդամների դիերը վերադարձվել են, նրանց բնութագրմամբ՝ գաղտնի գործողության արդյունքում, որի հետևանքով երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել: Նրանց խոսքով՝ դեպքին հաջորդած 10 օրերի ընթացքում բեկորներին հասնելու ջանքերն արգելափակված են եղել թշնամու կրակով:
Ադրբեջանը հերքում է ուղղաթիռի անկման վայրում կրակի արձակումը, և երկուշաբթի նաև հերքել է, թե իր զորքերը տուժել են գաղտնի գործողության ընթացքում:
Այս ամռանը հրադադարի խախտումների ալիքը հանգեցրեց ավելի քան 20 զինվորի մահվան և խթան հաղորդեց միջազգային միջնորդների մասնակցությամբ ջանքերին: Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում օգոստոսին և Փարիզում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումներին՝ հոդվածագիրը նշում է, որ այդ հանդիպումները բեկման չեն հանգեցրել:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ տարածաշրջանային կառավարություն, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից և սերտորեն կապված է Հայաստանի հետ, հայտնել է, որ խոցված ուղղաթիռը եղել է իր օդուժի մաս: Ադրբեջանն ասում է, որ ուղղաթիռն ու դրա անձնակազմը պատկանել են հայկական զինուժին»,- գրում է Հերշենհորնը:
Հոդվածագիրն անդրադառնում է նաև Բակո Սահակյանի հայտարարությանը՝ ուղղաթիռի երեք անդամներին քաջության մեդալներով պարգևատրելու մասին: «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նրանք կհուղարկավորվեն երեքշաբթի Եռաբլուրում՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի արվարձանում գտնվող զինվորական գերեզմանատանը»,- եզրափակում է հոդվածագիրը:








































