Բրիտանական միապետությունում իրավահավասարություն է մտցվում: Կառավարությունը փոխում է գահի ժառանգման կանոնները: Այս մասին գրում է Kommersant-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օրենք է պատրաստել, որը մի քանի դարի ընթացքում առաջին անգամ կփոխի բրիտանական գահի ժառանգման կանոնները: Սակայն Անգլիկան եկեղեցու գերագույն հիերարխները և արքայազն Չարլզը արդեն նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը սպառնում է անկանխատեսելի հետևանքներով՝ ընդհուպ մինչև սահմանադրական ճգնաժամ և ժառանգության ու տիտղոսների համար պայքար:
Դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից առաջարկված փոփոխությունների մասին օրինագիծը հրապարակվել է այս շաբաթ՝ հայտնվելով բրիտանական մամուլի գլխագրերում:
«Վերջին անգամ գահաժառանգման կանոնները փոխվել են 1701 թվականին: Այդ ժամանակ արգելվում էր, որ միապետն ու նրա կողակիցը կաթոլիկ լինեն»,- նշել է Քեմբրիջի համալսարանի աշխատակից Էնդրու Թոմփսոնը:
Այժմ առաջարկվում է թույլ տալ ապագա միապետին ամուսնանալ կաթոլիկի հետ՝ առանց կորցնելու գահաժառանգման իրավունքը: Գահի ժառանգման հարցում առաջարկվում է նաև վերացնել փոքր եղբոր առավելությունը ավագ քրոջ նկատմամբ: Մի խոսքով՝ եթե Քեմբրիջի դքսի ու դքսուհու երեխան աղջիկ լինի, ապա նա կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի ապագա թագուհին: