Ճապոնիայի կառավարությունն այսօր հաստատել է ավելի քան 226 մլրդ դոլար ծավալով միջոցառումների փաթեթը` խթանելու համար երկրի տնտեսությունը, ինչը տուժել է իենի չափազանց բարձր փոխարժեքից, դեֆլյացիայից և արտահանման ծավալի կրճատումից:
Տոկիոյում կայացած մամլո ասուլիսի ժամանակ վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ սա երկրի պատմության մեջ խոշորագույն տնտեսական փաթեթն է: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Միջոցառումների փաթեթն ուղղված է Ճապոնիայի ներքին համախառն արդյունքը երկու տոկոսով մեծացնելուն: Ըստ հաշվարկների՝ դա երկրին կտա 600 հազար հավելյալ աշխատատեղ:
Ծրագիրն ուղղված է մասնավոր ներդրումները խթանելուն, ճապոնական ապրանքների միջազգային մրցունակությունը բարձրացնելուն և 2011-ի տարերային աղետներից տուժած շրջանների վերականգնման ընթացքն ակտիվացնելուն:









































