«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ եռյակից անկախ՝ հանրահավաքներ է սկսում նախ՝ Երևանում, ապա նաև՝ Վանաձորում և Գյումրիում: Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը չհստակեցրեց, թե «Ժառանգության» պահանջները չբավարարելու դեպքում հնարավո՞ր է, որ կուսակցությունը դուրս գա եռյակից:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Հովհաննիսյանի կազմակերպած առանձին հավաքները եռյակի գործունեության վրա ազդել չեն կարող, քանի որ այդ երեք ուժերը արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանուր տեսակետ չունեն և չգիտեն, թե հնարավոր իշխանափոխությունից հետո երկիրն ուր են տանելու:
«Իհարկե, մենք խոսակցական լեզվով կարող ենք դա անվանել պառակտում, բայց քանի որ դե յուրե միասնություն չկա, պառակտում լինել չի կարող: Ամեն մեկը գործողություն է իրականացնում ըստ իր հայեցողության, ըստ իր ծրագրերի, պառակտում լինել չի կարող: Չկա հստակ ստորագրված փաստաթուղթ, թե ի վերջո՝ Հայաստանի ապագան նրանք որտե՞ղ են տեսնում, ո՞ւր են գնում, չկա հստակ ղեկավար մարմին: Մինչ այդ ամենի ստեղծումն ու կոնկրետ նպատակների հիմնումը՝ յուրաքանչյուր ուժ կարող է կուսակցական գործունեություն ծավալել ըստ իր հայեցողության: Ցանկանո՞ւմ է հանրահավաք անել՝ խնդիր չկա, կարող է հանրահավաք անել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ եռյակի մոտ իշխանափոխությունը չի կարող լինել նրանց ընդհանուր ծրագիր կամ առավել ևս՝ նպատակ, իշխանափոխությունն ընդամենը միջոց է՝ ինչ-որ նպատակի հասնելու համար. «Օրինակ՝ Ուկրաինայում իշխանափոխություն արեցին, որպեսզի նոր եկած ուժերը երկիրն ինտեգրեն Արևմուտքին: Իշխանափոխությունը նպատակ չէ, միջոց է՝ որևիցե գործ կատարելու համար: Օրինակ՝ ինչպես ասացի, Ուկրաինայի դեպքում դա նպատակ էր՝ ինտեգրվելու Արևմուտքին, այսինքն՝ անելու այն, ինչ վերջին պահին հրաժարվեց անել Յանուկովիչը: Մենք դեռևս չենք կարող ասել, թե եռյակի նպատակը որն է. մեկի նպատակը սահմանադրական փոփոխությունների կասեցումն էր, ինչին, կարելի է ասել, նա հասավ»։
Բադալյանը հավելեց, որ եռյակի մոտ ընդունված հռչակագիր չկա, հետևաբար միասնական օրակագի և միասնական գործողությունների մասին խոսելն ավելորդ է. «Ուկրաինայում, օրինակ, երեք ուժերն ասացին, որ Ուկրաինայի ապագան ուզում են տեսնել Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում, ուրիշ հարց է՝ կմտնի՞ Ուկրաինան ՆԱՏՕ և ԵՄ, թե՞ ոչ: Եռյակի մոտ արտաքին օրիենտացիոն կուրսը բաց է, պատկերացրեք՝ այդ ուժերը եկան իշխանության, նրանք ի՞նչ են անելու, շարունակելու են գործող նախագահի կողմից որդեգրված ուղղությո՞ւնը, թե՞ կոմպլեմենտարությունն են առաջ քաշելու»:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, ապա ըստ փորձագետի՝ եռյակը հասավ դրանց կասեցմանը. «Հարց է նաև՝ իրե՞նք հասան, թե՞ Մոսկվայից գործող նախագահին հասկացրին, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին»:
Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ մինչ արտաքին հստակ ուղղվածություն ունենալը ու այդ մասին ընդհանուր համաձայնության գալը՝ յուրաքանչյուր ուժ ազատ է գործունեություն իրականացնել, քանի որ չի նշվում, թե դրա դիմաց իրենց վերջնական գործողությունը որն է. ««Ժառանգությունը» կարող է առանձին հանրահավաքներ անել, սակայն այդ հանրահավաքները ինքնանպատակ չի կարելի անել: Հանրահավաքը իշխանափոխության ողջ ծրագրի կետերից մեկն է, և հանրահավաքով իշխանափոխություն չի լինում: Ինքը որպես առանձին միջոցառում իրենից զգալի ոչինչ չի ներկայացնում»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» հայտարարությանը, ապա ըստ Բադալյանի՝ դա որոշակի հակակշիռ էր ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանը՝ միասնական շտաբներ ձևավորելու հետ կապված. «Ընդհանրապես այդ շտաբների առումով էլ ամեն ինչ անորոշ է. եթե այս տեմպերով առաջ գնան, կարող է մոտակա հարյուր տարում ամբողջ Հայաստանով մեկ էլ շտաբներ բացվեն: «Ժառանգությունն» ասել է, որ Ազգային ժողովում դեմ է լինելու ԵՏՄ համաձայնագրի կնքմանը, իսկ դա ապագայում արտաքին օրիենտացիոն հարցում եռյակում ավելի մեծ ճեղք կբացի»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































