Նյու Յորքում Seastreak Wall Street լաստանավի վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:
Ինչպես գրում է CBS New York-ը, անձնակազմի անդամների հարցաքննությունից հետո նման եզրակացության են եկել նյույորքցի քննիչները:
Անձնակազմի անդամների խոսքով՝ երբ լաստանավը ուղղվել է կառամատույց, նավիգացիոն համակարգը դադարել է նորմալ գործել:
Թե ինչ կարգի է եղել անսարքությունը` CBS-ը չի մատնանշում: New York Post-ի տվյալով՝ նավերի կայանատեղիին բախվելուց քիչ առաջ նավը բախվել է ազդանշանային սարքին, ինչը և կարող էր դառնալ անսարքության պատճառ:
Ինչպես նկատում է Associated Press-ը, Seastreak Wall Street-ը ենթարկվել է կապիտալ վերանորոգման՝ փոխվել է շարժիչը:
Դեռ հայտնի չէ՝ ազդե՞լ է արդյոք վերանորոգումը նավի մանևրելու կարողության վրա, ու կարո՞ղ էր այն դառնալ վթարի պատճառ: Այդ հարցը կպարզի Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն:
Լաստանավը շահագործվում է 2003-ից: Այդ ժամանակից ի վեր, ինչպես գրում է The New York Daily News-ը, այն երկու անգամ վթարի է ենթարկվել՝ 2009 ու 2010 թվականներին: Այդ ժամանակ ոչ ոք չէր տուժել:
Վթարից հետո կապիտան Ջեյսոն Ռեյմերն ու անձնակազմի անդամները հաջողությամբ հանձնել էին ալկոհոլի թեստը:










































