ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձակել է հրաման, որը թույլ է տալիս օրինականացնել երկրում մոտ 5 մլն անօրինական ներգաղթյալների կեցությունը: Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը:
Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր «ԱՄՆ-ում են ապրում ավելի քան 5 տարի և ամերիկացի քաղաքացիների կամ անձանց ծնողներ են, ովքեր երկրում մշտական բնակության թույլտվություն ունեն»:
Եթե նման մարդիկ դիմեն ԱՄՆ իշխանություններին և անցնեն համապատասխան ստուգումներ կոմպետենտ մարմինների կողմից ու չճանաչվեն սպառնալիք պետականության անվտանգության համար, հանձնեն կենսաչափական տվյալներ, ինչպես նաև վճարեն համապատասխան հարկեր և ապացուցեն, որ իրենց երեխաները ծնվել են ԱՄՆ-ում մինչ Օբամայի վերոնշյալ որոշումը, ապա նրանց թույլ կտան երկրում մնալ 3 տարի՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Այդպիսի մարդիկ ԱՄՆ-ում կստանան աշխատանքի թույլտվություն:
Ընդունված որոշման մասին Օբաման պաշտոնապես կհայտարարի առաջիկա ժամերին՝ համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձով:










































