Հանրահայտ Քյոլնի տաճարը հայտնվել է սպառնալիքի տակ: Համաշխարհային մշակութային ժառանգության կազմում գտնվող այս կոթողը սկսել է ցնցվել քաղաքում մետրոյի նոր թունելների շահագործման պատճառով:
Ինչպես լրագրողներին հաղորդել է տաճարի քահանա Նորբերթ Ֆելդհոֆը՝ պատմական այս շինությունը նախատեսված չէ նման ծանրաբեռնվածության համար: Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է լրջագույն մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակին, քանի որ տատանումը և աղմուկը կարող են լրջորեն վնասել շինությունը:
«Քյոլնի տրանսպորտային ընկերություններ» բաժնետիրական ընկերությունը, որը այդ մետրոն սպասարկող օպերատորն է, ընդունել է, որ տաճարում իրականում լսվում են աղմուկներ, ինչի պատճառով տաճարի հիմքին մոտ գտնվող թունելով անցնող գնացքի արագությունը նվազեցվել է 30-20կմ/ժ արագության: Ընկերությունը հավաստիացրել է, որ տրանսպորտային իշխանությունները քննարկելու են նաև արագընթաց տրամվայների ազդեցությունը շինության վրա նվազեցնելու հարցը:
Առաջին գնացքը գործարկվել է անցած տարվա դետեմբերի 9-ին: Հենց այդ ժամանակ էլ բնակիչները դժգոհել են փոքրիկ տատանումներից, ինչն զգացվել է ոչ հեռվում տեղակայված ֆիլհարմոնիայում:
Քյոլնի վանական համալիրի բարձրությունը 157.38 մետր է և հանդիսանում է աշխարհի ամենաբարձր տաճարներից մեկը: Ամեն տարի այնտեղ է այցելում գրեթե 6 մլն զբոսաշրջիկ` միջինը օրական` 20.000 մարդ:











































