Հետաքրքիր իրավիճակ է եղել մարտի 29-ին, «Կոնվերս-բանկի» մասնաճյուղերից մեկի վրա կատարված հարձակման ժամանակ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, երբ բանկի անվտանգությունն ապահովող ոստիկան, սերժանտ Միքայել Հովսեփյանը կրակել է հարձակվողի վրա, նախ` ոտքին, ապա` որովայնին` այդպիսով կասեցնելով ավազակային հարձակումը և վնասազերծելով բանկը թալանող դիմակավոր հանցագործին` միանգամից զանգահարել է ՊՊԾ-ի իր վերադասին, զանգի ձայնը, սակայն, հարևանությամբ պառկածի մոտից է հնչել: Դիմակը հանել է և տեսել, որ ՊՊԾ շեֆը «դեպքի վայրում է», բայց` ոչ ի պաշտոնե: Հետաքրքիր է նաև այն, որ մինչև թալանելը, դիմակավոր հանցագործը իր վրա հրազեն ուղղած անվտանգության աշխատակցին (իր ենթակային) հրահանգել է` չկրակել, հավանաբար, իրեն դեռ պետի կարգավիճակում զգալով:
Հիշեցնենք, որ Երևանի Նոր Նորք համայնքի Գայի պողոտայում գտնվող «Կոնվերս-բանկի» մասնաճյուղում երեկ կեսօրին հրազենի գործադրմամբ միջադեպ էր տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների` զինված անձը դիմակավորված մուտք էր գործել «Կոնվերս-բանկի» մասնաճյուղ և հրազենով կրակոցներ արձակել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները նրան վնասազերծել են: Ավելի ուշ, նշյալ միջադեպի հարձակման վերաբերյալ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց: Ըստ այդմ, «Մարտի 29-ին` ժամը 12: 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող «Կոնվերս-բանկի» Նոր Նորք մասնաճյուղում հրազենից վիրավորված մարդ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիրավորը ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է: Ժամը 12: 00-ի սահմաններում նա գլխարկով դեմքը ծածկած մուտք է գործել նշված բանկի վարչական տարածք և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37 800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության և բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ: Չնայած զենքի սպառնալիքին` նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետևանքով Արթուր Հակոբյանը որովայնի և ազդրի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի կրակված 4 պարկուճ և նշված գումարն ամբողջությամբ` մեկ փաթեթով: Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով, 8 փամփուշտով: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը», – նշված է հաղորդագրությունում:
Բանկի մուտքի դռան վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, իսկ ավազակային հարձակման փորձ կատարող կապիտանի մոտից` նրան ամրակցված «Մակարով» տեսակի տաբելային զենքը: Կապիտանը համակարգում աշխատել է 10 տարի, և ընդամենը ամիսներ առաջ է նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքին կից ՊՊԾ պետ:
Հ.Գ. Թերևս արձանագրենք, որ բանկերի, ինչպես նաև փոխանակման կետերի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում արդեն ոչ միայն Վրաստանից ժամանած և տեղական քրեական տարրերը, այլ նաև մարդկանց սեփականությունը պահպանելուն կոչված ոստիկանները. նրանք գիտեն` որտեղ և ինչպես են կուտակվում մեծ գումարները, ու գնում են հենց այդ մեծ գումարների ետևից:
Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ









































