2007 թվականին անհետացած ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնի առևանգմանը ենթադրաբար մասնակցություն են ունեցել Իրանի հատուկ ծառայությունները: Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության անանուն աղբյուրներին:
Իրանի կառավարությունը կտրականապես հերքել է Լևինսոնի անհետացման գործում իր մասնակցությունը: Բանտարկված Լևինսոնի լուսանկարներն ու 54 վայրկյան տևողությամբ տեսագրությունը նրա ընտանիքը ստացել էր 2010 թվականի նոյեմբերին և 2011-ի ապրիլին:
Տեսանյութը հրապարակվել է անցած տարի, իսկ այժմ Լևինսոնի հարազատներն առաջին անգամ լրատվական գործակալություններին են փոխանցել գունավոր լուսանկարները, որոնցում Լևինսոնը պատկերված է բանտային նարնջագույն հագուստով:
Վաշինգտոնը փորձել է Թեհրանի հետ գաղտնի բանակցություններ վարել Լևինսոնի ճակատագրի վերաբերյալ, սակայն հաջողության չի հասել: 2001 թվականի մարտին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Լևինսոնին պահում են Հարավային Ասիայում ինչ-որ տեղ՝ նկատի ունենալով, որ նա գտնվում է Պակիստանում կամ Աֆղանստանում՝ ինչ-որ ահաբեկչական խմբավորման ձեռքում:
Այդ հայտարարությունը հանդիսացել է «Իրանի նկատմամբ բարի կամքի դրսևորում», որի դիմաց Վաշինգտոնը հույս ուներ, որ նրան ազատ կարձակեին, սակայն նման բան տեղի չունեցավ:
Ամերիկացի հետախույզները ներկայում գրեթե վստահ են, որ առևանգմանը մասնակցել են իրանական հատուկ ծառայությունները: Նրանց խոսքով՝ այդ նյութերի ուղարկումը առևանգվածի հարազատներին արվել է չափազանց պրոֆեսիոնալ կերպով, ինչը չէր կարող լինել հասարակ ահաբեկիչների կամ հանցագործների ձեռքի գործ:
Աֆղանստանում ամերիկյան հատուկ ծառայությունները կարողացել էին գտնել այն բջջայինը, որով ուղարկվել էին Լևինսոնի լուսանկարները, սակայն հետաքննությունը պարզել էր, որ հեռախոսի տերը որևէ կապ չունի դրանք ուղարկելու հետ: Իսկ տեսագրությունն ուղարկվել է Պակիստանի ինտերնետ-սրճարաններից մեկից՝ էլեկտրոնային փոստով: Այդ հասցեով որևէ մեկն այլևս չի օգտվել, այդպիսով` հանցագործների հետքի վրա դուրս գալ չի հաջողվել:
Նա կորած է համարվում 2007 թվականի մարտի 8-ից՝ իրանական Կիշ կղզի (գտնվում է Պարսից ծոցում) այցելությունից հետո: Կղզին ազատ առևտրի գոտի է, որտեղ այցելելու համար արտասահմանցիներից այցագիր չի պահանջվում:









































