Boeing-787 «երազանքի օդանավը» երկուշաբթի` թռիչքից րոպեներ անց, ստիպված է եղել վերադառնալ Բոստոնի օդանավակայան: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ օդանավի վերադարձի պատճառը վառելիքի արտահոսքն էր: Պարբերականը նշում է նաև, որ Japan Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռը օդանավակայանից թռչել է 3 ժամ ուշացումով:
Երկուշաբթի Բոստոնի օդանավակայանում ևս մեկ դեպք է պատահել «երազանքի օդանավի» հետ: Ուղևորների դուրս գալուց անմիջապես հետո օդանավը հրդեհվել է:
Անցած տարվա դեկտեմբերին 3 Boeing-787 Dreamliner օդանավերի էլեկտրահամակարգերում հայտնաբերվել են խնդիրներ: Ավելի վաղ այդ մոդելի օդանավերում տեղի էին ունեցել վառելիքի արտահոսք և շարժիչների խափանումներ: ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը կարգադրել է ստուգել այդ մոդելի բոլոր օդանավերը: Փորձագետների կարծիքով՝ Բոստոնում տեղի ունեցած հրդեհը վկայում է անվտանգության հետ կապված ավելի լուրջ խնդիրների մասին:









































