Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հաղորդել են Եգիպտոսի կառավարության հետ երկրի տնտեսական ռազմավարության վերաբերյալ «արդյունավետ» բանակցություններ անցկացնելու մասին,- հաղորդում է Reuters-ը:
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՀ բաժնի ղեկավար Մասուդ Ահմեդը հայտարարել է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի և վարչապետ Հիշամ Քանդիլի հետ հանդիպումը հաջող է անցել և եղել է շատ արդյունավետ: Ահմեդի խոսքերով՝ մոտակա ժամանակներում Եգիպտոս կայցելի մասնագետների պատվիրակություն, որը կքննարկի վարկի տրամադրման տեխնիկական մանրամասներ:
4.8 միլիարդ դոլարի վարկային պայմանագրի մասին հարցը նախատեսվում էր քննարկել 2012 թ. դեկտեմբերին, սակայն հետաձգվել էր Եգիպտոսում տիրող անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով:
Եգիպտոսի կառավարությունը մեծ հույսեր է կապում միջազգային կազմակերպությունից հավելյալ ֆինանսավորում ստանալու հետ, սակայն գերատեսչությունները մտավախություն ունեն, որ ԱՄՀ կպահանջի բյուջետային ծախսերի կրճատում, ինչը կարող է հանգեցնել նոր ցույցերի և անկարգությունների:








































