ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստանձնել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պարտությունը: Այս մասին նա հայտարարել է CBS-ի եթերում՝ Պեկին կատարելիք այցի նախօրեին: Այնտեղ Օբաման մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովին:
«Մենք պարտվեցինք: Ես պետք է խոստովանեմ իմ պատասխանատվությունն այդ ձախողման մեջ»,- հայտարարել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ ամերիկացիները ցանկանում էին տեսնել Վաշինգտոնի աշխատանքի արդյունքները, սակայն դրանք միշտ չէ, որ նկատելի են:
Նրա խոսքով՝ տնտեսությունը, անշուշտ, բարելավվել է: Միայն հոկտեմբերին ավելի քան 200 հազար աշխատատեղ է ստեղծվել: «Իմ նախագահության ժամկետում մոտ 10 մլն աշխատատեղ է ստեղծվել: Գործազրկության մակարդակը նվազել է ավելի արագ, քան նախատեսում էինք»,- ասել է Օբաման՝ նշելով, որ այդ հաջողություններն ուժգին ազդեցություն չեն թողել քաղաքացիների կյանքի վրա. շատերի եկամուտները մնացել են նախկին մակարդակի վրա:
«Այն, ինչ մենք ստացանք, քաղաքականության ձախողում էր, որը պետք է ուղղենք»,- ասել է պետության ղեկավարը:
Հանրապետական կուսակցությունն ընտրությունների արդյունքներով 8 տարում առաջին անգամ մեծամասնություն է կազմել Սենատում:







































