ԵԿՄ վարչության անդամ Նահապետ Թումանյանն առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքով՝ չի ցանկանում նմանվել ԲՀԿ-ական ազատամարտիկ-պատգամավոր Ռուստամ Գասպարյանին, իջնել նրա մակարդակին և պատասխանել նրան համարժեք:
Հիշեցնենք, որ Ռուստամ Գասպարյանը Նահապետ Թումանյանին «զուգարանի թուղթ» էր անվանել, որոնց իր ձևակերպմամբ՝ «օգտագործում են և դեն են շպրտում»: «Ես լուրջ ճանապարհ ունեմ անցած, դա կարող են հավաստիացնել շատ-շատ ազատամարտիկներ: Իրենք պարզապես փորձում են իրենց պապայի մոտ ցույց տալ, որ իրենք այնքան տղա են, որ կարան ազգի հերոսին կամ «Երկրապահ»-ին փնովեն: Իրանք ընդամենը «աբիժնիկի» բազար են անում, ընդամենը փորձում են արջի ծառայություն մատուցեն ոմանց: Էդքան բան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թումանյանը՝ հավելելով. «Ռուստամն իր էդ ասածով ապացուցում ա, որ մանկամիտ երեխա ա, խելքի պակասություն ունի: Լուրջ կռված տղեն տենց բան չի ասի կռված տղու մասին: Ինքը շատ լավ գիտի՝ ես ով եմ, բայց փորձում ա իրա պապաների մոտ հաճոյանա, թե կարա իմ հետ խոսա: Եթե ինքը կարողանա իմ հետ դեմ առ դեմ էդ ձևով խոսա, ես իմ անունը կփոխեմ: Ինքը դեռ չի դառել տենց տղա»:
ԵԿՄ վարչության անդամի խոսքով՝ ԲՀԿ-ական ազատամարտիկների այս «ելույթները» և գործելաոճը ինչ-որ տեղից պարտադրվում է: «Իրենք քայլեր են անում, բայց գլուխները բարձին դնելով մտածում են, թե ինչի անկապ տեղը տենց բան սարքեցին իրենց գլխին: Բայց մի բան հաստատ ա՝ ոչ մի լուրջ կռված տղա կյանքում չի փոձի մյուս կռված տղուն տենց վիրավորանքներ հասցնի: Պարզապես էսօր դրանց հետևից փետը կոխել են, սարքել են շաքարաքլոր, բայց դե հո դրանից դրանք շաքարաքլոր չեն դառնա»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու սրվեց այս հակամարտությունը կռված տղաների միջև, Թումանյանը նկատեց. «Դե իրենք պատերազմից մոտ 25 տարի հետո որոշեցին թազա երդում ուտել, որ ժողովուրդը իրանց հավատա, որ իրենք կռվել են: Իսկ մենք առանց երդում ուտելու, ժողովուրդը սաղ էլ գիտեն, թե մենք ով ենք ու ինչ ենք արել: Իսկ իրենք, փաստորեն, որոշեցին «հորս արև» երդվել, դառնալ երդվյալ ազատամարտիկներ, որ մարդիկ իրենց հավատան»,- ասաց Թումանյանը:
Վերջինս զարմանում է, որ մարդիկ կարող են սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին իրենց թույլ տալ վատ արտահայտվել այն դեպքում, երբ սպարապետի կենդանության ժամանակ այդքան համարձակություն չունեին շփվելու նրա հետ: «Ես ականատես եմ եղել, որ իրենք յոթը գույն էին փոխում սպարապետի առաջ կանգնած, մինչև փորձում էին մի բան ասել նրան: Այն էլ վերջին հաշվով, մեկ է, չերեզով էր ստացվում նրա հետ շփվելը, քանի որ համարձակություն չունեին նրա հետ խոսելու: Իսկ այսօրվա վիճակը խոսում է նրա մասին, որ իրենք շատ թույլ են ու վախկոտ: Իրենք ընդհամենը պատվեր են կատարում, որի դիմաց վարձատրվում են: Իսկ էսօր երևի փողը պակասել ա, դրա համար էլ ակտիվացել են: Բիզնես էն բռնել էլի, ի՞նչ վատա»,- ասաց Թումանյանը:
Հարցին, թե այս հակամարտությունը որքա՞ն է ձգվելու և հնարավո՞ր է սկսեն հաշվեհարդար տեսնել միմյանց հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես իրենց խորհուրդ կտամ, որ խելոք տեղները նստեն: Ինչ էլ լինի, ի վնաս իրենց է լինելու: Ինչ էլ լինի, ուրեմն իրենք են դա թույլ տվել, բայց դե մենք թուրք պատժող ենք, մենք հայ պատժող չենք: Վերևն Աստված ամեն ինչ տեսնում է և ամեն մեկի պատիժը կտա: Աստված ասում է, եթե դու կռիվ ունես մեկի հետ, դու մի կռվի, ես կկռվեմ ու կպատժեմ: Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում ու հաջողություններ եմ ունենում»,- եզրափակեց Նահապետ Թումանյանը:







































