Լայն տարածում է ստացել այն տեսակետը, թե մարդու կանոնավոր գործունեության համար նրան անհրաժեշտ է 8-ժամյա քուն: Հենց այս ժամանակահատվածն է համարվում ամենաօպտիմալը: Սակայն վերջերս Բրիտանիայում անցկացված հետազոտությունների արդյունքներն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր քնում են 6 կամ 7 ժամ, նրանք ամենաերկարակյացն են, իրենց ավելի լավ են զգում և ունեն աշխատունակության առավել մեծ ցուցանիշ: Հետազոտության հեղինակներից մեկը խորհուրդների հսկայական ցանկ է կազմել, որոնք կօգնեն կրճատել քնի տևողությունը:
Առաջին հերթին նախորդ օրը պետք է կազմել հաջորդ օրվա գործողությունների ծրագիր: Որքան շատ լինեն դրանք, քնի տևողության կրճատման հնարավորությունները կմեծանան: Երկրորդ` այն մարդիկ, ովքեր ուրախանում են կյանքով և շատ հաճույք ստանում, նրանք էներգիա են կուտակում և հետևաբար երկար քնի կարիք չեն ունենում: Երրորդ` քնի տևողության կրճատման ուղղությամբ պետք է աշխատել անդադար և հետևողական կերպով: Առավել լավ կլինի ամեն օր արթնանալ սովորականից 5-10 րոպե ավելի շուտ:
Անպայման քնելու պետք է գնալ թուլացած և հանգիստ վիճակում, որպեսզի քնի արդյունավետությունն առավելագույնս մեծ լինի: Եթե սկզբնական շրջանում քնի տևողությունը բավարար չէ լավ ինքնազգացողության համար, ապա կարելի է օրվա ընթացքում 20 րոպե ննջել: Դա թույլ կտա առույգանալ և կրկին զգալ կյանքի բերկրանքը: Եվ վերջապես չպետք է մոռանալ մեդիտացիայի մասին, որը քնի նման արդյունավետ է:







































