Վրաստանում քաղաքական ճգնաժամն այլևս իրողություն է: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունից հետո հրաժարական տվեցին նրա թիմի անդամ արտգործնախարարն ու Եվրաինտեգրացիայի հարցերի պետնախարարը, նրանց տեղակալները, իսկ Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դուրս եկավ «Վրացական երազանք» անունը կրող իշխող կոալիցիայից: Դրա պատճառով կոալիցիան կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում, և ներկայումս մեծամասնություն ունենալու համար նրան քվեարկությունների ընթացքում պետք է հավելյալ առնվազն 1 ձայն, քանի որ 150 մանդատ ունեցող խորհրդարանում իշխող կոալիցիան այժմ ունի 75 մանդատ:
ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լևան Դոլիձեն ևս հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Նա պաշտոնը կլքի երկրի նախագահի Բրյուսել այցից և ՆԱՏՕ-Վրաստան գործողությունների փաթեթի քննարկումից հետո: Ու թեև Վրաստանի քաղաքական կյանքում հնարավոր վերադասավորումների վերաբերյալ շատ են տարբեր կանխատեսումներն ու տեսակետները, թե չի բացառվում, որ Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոալիցիա կազմի Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժման» հետ, ինքը՝ Ալասանիան, այս հնարավորությունը բացառում է: Նա մասնավորապես նշել է, որ հիմնարար տարբերություններ կան կուսակցությունների միջև, երկրի անցյալը ևս նրան խանգարում է միանալ Սաակաշվիլիին: Որոշ փորձագետներ, հաշվի առնելով խորհրդարանական վերադասավորումները, չեն բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Միասնական ազգային շարժում» խմբակցության անդամ, անկուսակցական պատգամավոր Սամվել Պետրոսյանն ասաց, որ իրավիճակն այնքան բարդ է, որ դժվար է կանխատեսումներ անել: Նա չբացառեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, եթե բյուջեն չհաստատվի կամ նման ինչ-որ բան:
«Տեսականորեն ինձ թվում է, որ այս ամենը պարզապես քննարկվում է: Բայց իրավիճակն այնպիսին չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն»,- նշեց Սամվել Պետրոսյանը: Նա ասաց, որ դեռ չի հասցրել խոսել ո՛չ Ալասանիայի թիմակիցների և ոչ էլ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ, ուստի ասել, թե հնարավոր է՝ միավորվեն, ևս անպատասխանատու կլինի: Նա երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում դեռևս բեկման հնարավորություն չի տեսնում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդն ասաց, որ բոլոր կանխատեսումներն անհիմն են, ավելին՝ երկրի կյանքում տեղի ունեցող ներկայիս զարգացումները փոթորիկ են մեկ բաժակ ջրում և ոչ ավելին: Ըստ նրա՝ Ալասանիային Սաակաշվիլիի կուսակցության հետ կապելն անհիմն է և ֆանտաստիկայի ժանրից: Բայբուրդի խոսքով՝ այսօր Վրաստանում անհնար է, որ հենց նույն Ալասանիան կամ ուրիշ կուսակցություն որպես հենարան օգտագործի Սաակաշվիլիի կուսակցությունը, քանի որ այդ կուսակցությունը չափազանց վարկաբեկված է, այդ կուսակցության կողմից ցանկացած ակտիվություն մեծ դիմադրության է արժանանում ժողովրդի կողմից:
«Չեմ կարծում, որ Ալասանիան կամ ոչխորհրդարանական ընդդիմությունը միանան այդ կուսակցությանը, թեև այդ կուսակցությունը կա, գործում է, ակցիաներ է կազմակերպում: Սա ինչ հունով կգնա՝ ոչ ոք չի կարղ կանխատեսել: Ասել, որ այդ ակցիաներով ինչ-որ բանի կհասնեն՝ դժվարանում եմ»,- ասաց նա:
Բայբուրդը նաև պարզաբանեց, թե ինչու մյուս նախարարները հրաժարական տվեցին, եթե խոսքը մեկ բաժակ ջրում փոթորկի մասին էր: Նա նշեց, որ սա զուտ մարդկային քայլ էր, նրանք հեռացան իրենց թիմակցի հետ:
«Ես կարծում եմ, որ սխալ էր պնդել, թե վտանգի տակ է երկրի եվրաատլանտյան ինտեգրացիան, քանի որ այդ շարժումը չէր կարող առաջ գնալ միայն մեկ-երկու նախարարության աշխատանքի և որոշման շնորհիվ: Բացառվում է, որ մեկ-երկու նախարարություն լինեն այդ աշխատանք կատարողը. ամբողջ երկիրն է շարժվել այդ ուղղությամբ: Ալասանիան փոքր-ինչ շտապեց: Նա այդպիսի գնահատականներ չպետք է տար, քանի որ նրա դիտարկումներին հաջորդեց վարչապետի մեկնաբանությունը: Ղարիբաշվիլին հստակ ասաց, որ վտանգված չէ Վրաստանի արտաքին քաղաքական ընտրությունը, քանի որ ողջ երկիրն է զբաղվում դրանով: Այս իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների այլ օրակարգ են որդեգրել, բայց նրանք ռուսամետություն չեն դրսևորում»,- ասաց Վան Բարբուրդը:





































