Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշել է չհետաքննել Միջերկրական ծովում «Ազատության տորմիղի» գնդակոծման դեպքը, որի զոհն էր դարձել 9 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին:
«Դատախազները հայտնաբերել են «խելամիտ հիմքեր» կարծելու, որ իսրայելցի զինվորները ռեյդի ժամանակ ռազմական հանցագործություններ են իրականացրել, սակայն դիտարկվող հանցագործությունները բավարար լուրջ չեն եղել՝ դատարանի իրավասության տակ հայտնվելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
2010 թվականի մայիսի 31-ին Իսրայելի ռազմածովային ուժերը Միջերկրականում զավթել էին մարդասիրական բեռով և իրավապաշտպանների պատվիրակությամբ արգելափակված՝ Գազայի հատված ուղևորվող 6 օտարերկրյա նավեր: Գործողության ընթացքում զոհվել էր 9 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել էին, հարյուրավորները հայտնվել էին ճաղերի հետևում և ավելի ուշ արտաքսվել:
2013-ի մայիսին Հաագայի դատարանը ստուգումներ էր սկսել այդ գործով:







































