Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլին՝ արտահայտելու իրենց բողոքը գերմանական դասագրքերում տեղ գտած սկանդալային ծաղրանկարի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Ծաղրանկարն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2011-ին՝ Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում, ապա նաև հասարակագիտության դպրոցական դասագրքերում՝ Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողում:
Հաղորդվում է, որ նկարի վրա պատկերված է շղթայված և երախը բաց շուն, իսկ շան բնի վրա գրված է՝ «Էրդողան»: Ծաղրանկարի ներքո մակագրված է՝ «Թուրքերը Գերմանիայում-հաջողության պատմություն»:
Թուրքիայի ԱԳՆ-ն ծաղրանկարը վիրավորական է համարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ: Գերատեսչությունը հայտարարել է, որ նման նկարը վկայում է Գերմանիայում ռասիզմի և քսենոֆոբիայի աճի մասին:









































