Գիտնականները պարզել են, որ տարբեր սեռերի ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքում անքնությանը։ Շատերը գիտեն անքնության վնասների մասին, սակայն միայն վերջերս են գիտնականները պարզել, որ տարբեր սեռերի ներկայացուցիչները տարբեր կերպ են տանում քնի պակասը։ Դյուկի (ԱՄՆ) և Կալգարիի (Կանադա) համալսարանների գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկ անքնությունը վտանգավոր է հատկապես կանանց համար։
Մասնագետները վերլուծել են միջին տարիքի ավելի քան 200 տղամարդկանց ու կանանց վիճակը։ Այդ կամավորներից ոչ ոք նախկինում առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։ Գիտնականները նկատել են, որ մասնակիցների 40%-ը դժվարություններ են ունեցել քնելու փուլում. նրանց մոտավորապես մեկուկես ժամ է անհրաժեշտ եղել խոր քուն մտնելու համար։ Հետազոտվողների այդ կատեգորիան գիշերը հաճախ է արթնացել։
Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ քնի ռեժիմի խանգարումը հատկապես վտանգավոր է կանանց համար. Նրանց մոտ նկատելիորեն բարձր է եղել սրտանոթային հիվանդությունների և երկրորդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը։
«Քունը առողջության հիմքն է, օրգանիզմի վերականգնման երաշխիքը»,- մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ հիշեցրել է Կալգարիի համալսարանին կից Քնի և մարդկային վարքագծի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Չարլզ Սեմյուելը։









































