«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է այն փաստը, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը չի հայտնվել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակում: Ըստ մասնագետի՝ դա կարող է կապված լինել Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիին «Մունդիալ-2014»-ի ժամանակ կծելու հետ: Հիշեցնենք, որ միջադեպի կապակցությամբ ՖԻՖԱ-ն որակազրկել էր ուրուգվայցի ֆուտբոլիստին:
«Չգիտեմ՝ ինչու Սուարեսը չի հայտնվել հավակնորդների ցուցակում: Միակ պատճառը, որը կարող եմ մտածել, Կյելինիին կծելն է: Սակայն, չեմ կարծում, որ դա արդարացի է: Անհրաժեշտ է դատել միայն խաղային որակներով, հակառակ դեպքում տիտղոսը կկոչվեր ոչ թե «Ոսկե գնդակ», այլ «Ոսկե գնդակ և բերան»:
Եթե ցանկացած մարդու խնդրեք նշել աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիտներին, նա կնշի Ռոնալդուին, Մեսսիին, Նեմարին, Բեյլին ու Սուարեսին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Սուարեսը հանդես էր գալիս «Լիվերպուլ»-ի կազմում և ճանաչվել էր Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ 33 խաղերում հեղինակելով 31 գոլ:








































