ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպությունը փնտրում է մենեջերի, ով կկարողանա խմբավորման վերահսկողության տակ գտնվող նավթավերամշակման գործարանները շահութաբեր դարձնել՝ գրում է բրիտանական Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ իսլամիստները պատրաստ են հարմար թեկնածուին տարեկան վճարել 225 հազար դոլար: Նա պետք է ունենա ոչ միայն բարձր որակավորոմ, այլև նվիրված լինի ԴԱԻՇ-ի «գործին»: Խմբավորումը նաև մի քանի՝ ավելի ցածր պաշտոնի թափուր տեղեր է բացել, որոնց մասին տեղեկատվությունը տարածել է սև շուկայի միջոցով՝ գրում է Times-ը:
Այսպիսով՝ ԴԱԻՇ-ը ձգտում է լրացնել որակավորում ունեցող անձնակազմի պակասը՝ նշում է պարբերականը: Վերջին շրջանում նավթի անօրինական վաճառքից ԴԱԻՇ-ի եկամուտները կրճատվել են ավելի քան երկու երրորդով և շարունակում են կրճատվել, և խմբավորումը ձգտում է շտկել վիճակը:
Փորձագետները, սակայն, ենթադրում են, որ ահաբեկիչների նշած աշխատավարձը ակնհայտորեն բավարար չէ որակավորված արևմտյան մասնագետ վարձելու համար:
Իրաքի Հյուսիսային նավթային ընկերության ներկայացուցիչները ենթադրում են, որ այսպիսով խմբավորումը փորձում է իր կողմը գրավել տեղի նավթագործներին:







































