2012-ը հայ ժողովրդի համար, կարծում եմ, կհիշվի առաջին հերթին խորհրդարանական ընտրություններով, որը ըստ էության հասարակության համար փոփոխությունների հնարավորություն էր: Ցավոք սրտի,այն չիրականացավ,փոխարենը` ամեն ինչ նույնը մնաց, և ինչ-որ տեղ նաև ավելի վատթարացավ: 2012 թվականն, իհարկե,լի էր նաև քաղաքական տարբեր կոնֆլիկտներով, որոնք յուրօրինակ լուծումներ ստացան՝ այնպիսի լուծումներ, որոնք, կարծում եմ, ապշեցրին հասարակությանը: Խոսելով 2012 թվականի խոշոր իրադարձությունների մասին` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Քաղաքական ուժերն, ըստ էության, անուղղակի հայտարարեցին հանձնվելու մասին, և անշուշտ կարելի է ասել, որ եթե 2012 թվականի մայիսին հասարակության մի զգալի հատվածը հիասթափություն ապրեց փոփոխություններ չունենալու պատճառով, ապա ընդդիմադիր էլեկտորատն էլ ավելի հիասթափություն ապրեց ընդդիմադիր քաղաքական ուժերի կապիտուլյացիայի արդյունքում»,-ասաց Ս. Սաֆարյանը:
Ս. Սաֆարյանը մաղթում է հույսի, հավատի և երջանկության տարի. «Մեր ժողովուրդը ևս մեկ կարևոր, վճռորոշ ընտրություն ունի այդ տարվա ընթացքում, մաղթում եմ, որ մարդիկ գիտակցեն արժանապատվության խնդիրը և իրենց խիղճը չվաճառեն և տերը լինեն իրենց կայացրած վճռի համար»,-իր խոսքը եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:








































