ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել չեզոքացնել «Խորասան» խմբավորման առաջնորդ Մուհսին ալ-Ֆադլիին Սիրիայում ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների ընթացքում՝ չնայած նրա մահվան մասին հաղորդագրություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
Իրավիճակի մասին վերջին տվյալներին ծանոթ աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ աշխատանքային վարկածը հիմա այն է, որ ալ-Ֆադլին և ֆրանսիացի ծայրահեղական Դևիդ Դրյուժոնը՝ նույնպես կապված «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, մինչև հիմա ողջ են: Հեռուստաալիքի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ վստահությունը, թե ահաբեկիչները ողջ են, «99.5% է»:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ «Խորասան» խմբավորման առաջնորդը, որն ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչություններ է պատրաստել ԱՄՆ-ի դեմ, զոհվել է Սիրիայում խմբավորման դիրքերի ուղղությամբ կոալիցիայի հասցրած օդային հարվածից: Պենտագոնի ներկայացուցիչներն այդ տեղեկությունը չեն հաստատել:







































