Եթե Ղարաբաղը պատրաստ չեք հանձնել, ինչո՞ւ պետք է ռուսները Ղրիմը հանձնեն: Այսօր «Հայաստան. Աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով կլոր սեղան անցկացվեց Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի մասնակցությամբ: Նա նախ խոսեց այն մասին, որ աշխարհը գտնվում է զարգացման մի բարդ փուլում, երբ աշխարհի տարբեր կետերում իրավիճակը բավականին լարված է, այնինչ այդ ֆոնին իրավիճակը Հարավային Կովկասում հարաբերականորեն խաղաղ է: Նա նոր աշխարհակարգի ձևավորման հարցում կարևոր համարեց օրերս Սոչիում կայացած «Վալդայ» ակումբի նիստը, որի ժամանակ իր ծավալուն ելույթով հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս: Ըստ նրա՝ քննարկվում էր, թե ինչ է տեղի ունենում միջազգային կարգի, օրենքների և կանոնների հետ, պահպանվո՞ւմ են, արդյոք, այդ կանոնները, որոնք պարտադիր էին միջազային համայնքի համար, թե՞ զանազան երկրներ իրավունք են վերապահում իրենց գործել առանց խաղի կանոնների, ինչպես գտնում են՝ առանց ուշադրություն դարձնելու հակառակորդների շահերի վրա: «Այս իրավիճակում է գործում անկախ ՀՀ-ն, որն իր անկախության երրորդ տասնամյակում փորձում է իր տեղը գտնել աշխարհում, մի իրավիճակում, երբ դա անելը մեծ տերությունների համար ևս դժվար է, իսկ փոքր տերությունների համար՝ ավելի ու ավելի»,- ասաց նա:
Այնուհետև անդրադառնալով արևմտյան պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով Ռուսաստանի տնտեսության անկումային վիճակին՝ ասաց, որ այդ մասին պատրանքներ է տարածում արևմտյան պրոպագանդան: Նա փորձեց ապացուցել, որ տնտեսական անկման մասին խոսակցություններն անհիմն են, ու Ռուսաստանի տնտեսական խնդիրները հաղթահարելի են: «Սինգապուր, Հոնկոնգ՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող կենտրոններ են Ասիայում և Հեռավոր Արևելքում, այնպիսի աղբյուրներ, որոնք հնարավորություն են տալիս կոմպենսացնել այն խնդիրները, որոնք առաջ եմ գալիս Արևմուտքից: ԵՄ շատ երկրներ դեմ են պատժամիջոցներին և առաջարկում են, որպեսզի պատժամիջոցները դուրս բերվեն, այսինքն՝ իրավիճակն աղետալի չէ: Մինչև մարտի տասնհինգը, երկու տարի հետո էլ Ռուսաստանի համար խնդիրներ չեն լինի՝ նկատի ունենալով Ռուսաստանի վալյուտային ռեզերվները տարբեր ֆոնդերում:
Փորձելով արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայում և Հայաստանի ընտրությունը՝ միանալ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին՝ ասաց. «Եթե ԼՂ-ն պատրաստ չեք հանձնել, ինչո՞ւ պետք է ռուսները Ղրիմի համար համաձայնեն, մյուս ռուսական տարածքներում ապրող մարդկանց զոհ տան, որից հետո անհասկանալի է, թե ինչ կլինի նրանց վիճակը: Կան դեպքեր, որ պետություններն ու ժողովուրդները պատրաստ են զոհողությունների՝ հասկանալով գինն ինչ է: Որևէ մեկը պատրա՞ստ է ապահովել Հայաստանին անվտանգությամբ, ռազմական, քաղաքական ինքնուրույնությամբ: Եթե լինեին պետություններ, որոնք հերթ էին կանգնած այդ գործերով զբաղվելու համար, ապա այդ դեպքում ընտրություն կարող էր լինել, բայց այդպիսի ընտրություն չկա, որովհետև ես շատ լավ գիտեմ ԱՄՆ-ի դիրքը, վատ չէ, բայց հավասարակշռված է և շատ նրբություններով, նույնը ԵՄ-ում, հիմնական խնդիրները լուծվում են այս տարածքում, և լուծում են այն պետությունները, որոնց հետ, բարեբախտորեն, Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություն և նույնիսկ դաշնակցային հարաբերություններ՝ Իրանը և ՌԴ-ն»:







































