Ջոն Քեյը, որը վերջերս երրորդ ժամկետում վերընտրվել է Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնում, հայտարարել է, որ մտադիր է երկու տարուց պետական դրոշը փոխելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Նրա կարծիքով՝ ներկայիս դրոշն արտացոլում է Մեծ Բրիտանիայից Նոր Զելանդիայի գաղութային կախվածությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Կարծում եմ՝ այժմ ամենահարմար ժամանակն է Նոր Զելանդիայի բնակիչների համար ընտրելու նոր դրոշ, որը կարտացոլի ժամանակակից, անկախ պետության կարգավիճակը»,- հայտարարել է Քեյը:
BBC-ի հաղորդմամբ՝ երկրի շատ բնակիչների նաև դուր չի գալիս, որ աշխարհում իրենց դրոշը խառնում են ավստրալական դրոշի հետ: Տարբերությունը աստղերի քանակն է: Նոր Զելանդիայի դրոշի վրա դրանք 4-ն են, իսկ Ավստրալիայի դրոշի վրա՝ 6-ը:











































