«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք և մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն և չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին՝ իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում: Տարբեր պատճառաբանություններով հրաժարվել ևս չի ստացվում: Վերջիվերջո, «բերման են ենթարկվում» և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում առաջին շարքերում՝ երևալու համար, որ նրանք ևս ներկա են:
Հիշեցնենք, որ Բալասանյանին հաջողվել էր խուսափել Գյումրիում եռյակի կազմակերպած հանրահավաքից: Նա ծնունդը նշելու պատրվակով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ և վերադարձավ միայն եռյակի մարզային հանրահավաքներից ու հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո: Իսկ արդեն հոկտեմբերի 24-ին՝ հանրահավաքի մեկնարկից քիչ անց, Բալասանյանը հայտնվեց հարթակում, առաջին շարքերում:
«Առաջին լրատվական»-ը փորձեց ԲՀԿ-ական մյուս քաղաքապետերից պարզել՝ մասնակցո՞ւմ են հանրահավաքներին, և արդեն իսկ հաջողվո՞ւմ է իրենց՝ որպես ընդդիմադիր ղեկավարել իրենց համայնքը: Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանրահավաքներին մասնակցում է, բայց չի կիսում կուսակցության տեսակետը: «Հա մասնակցել եմ միտինգներին, բայց ոչ մի բան չեմ կիսում»,- ասաց նա: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ստիպողաբա՞ր է մասնակցել հանրահավաքներին ու հնարավո՞ր է՝ կուսակցությունը լքի նույն տեսակետը չունենալու պատճառով, ԲՀԿ-ական քաղաքապետը, պատճառաբանելով, թե «թաղման տեղում է», հարմար չէ խոսելը, անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական սկանդալային պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ևս վերջերս հայտարարել էր, որ «իրենից ընդդիմադիր դուրս չի գա, և որ ինքը միտինգի մասնակցող չի, քանի որ նախորդ ընտրություններին ամենաշատ ձայնը Սերժ Սարգսյանի համար հենց ինքն է ապահովել»:
Գեղարքունիքի մարզի Մաքենիսի ԲՀԿ-ական համայնքապետ Հարություն Մանուկյանը նույնպես մեզ հետ զրույցում չընդունեց, թե ինքը ընդդիմադիր է: «Ես ընդդիմադիր չեմ, ցավդ տանեմ, ինչ եք ուզում ինձանից: Ես ոչ հանրահավաքի եմ մասնակցում, ոչ էլ»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ն այլևս ընդդիմադիր է, գյուղապետը արձագանքեց. «Ի՞նչ անեմ, որ ընդդիմադիր է, ի՞նձ ինչ: Ես խելոք տղա եմ, իմ համար ապրում եմ: Երկու կիլո կարտոլ ունեմ, կխաշեմ ու կուտեմ: Թող իմ հետ գործ չունենան: Ոչ էլ ինձ ստիպող կա, որ մասնակցեմ»,- հավելեց Մանուկյանը:
Միայն Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մեզ հետ զրույցում, հակառակ վերը թվարկված կուսակիցների, վստահաբար հայտարարեց, թե կիսում է կուսակցության կարծիքը, մեծ թիմով և մեծ ոգևորությամբ ու ակտիվությամբ մասնակցում է հանրահավաքներին: «Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի, սա ժողովրդի պահանջի հարցն է: Պարզապես ԲՀԿ-ն, որպես լիդեր կուսակցություն, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ, եռյակով համատեղ փորձում են խնդիր լուծել, իրականացնել ժողովրդի պահանջը»,- ասաց Հակոբջանյանը:
Վերջինիս խոսքով՝ ընդհամենը «մի քանի ընդդիմադիրներ» են ժողովրդի մեջ կասկած սերմանում, թե ԲՀԿ-ն այն ընդդիմադիր ուժը չէ, որ կարող է տանել իշխանափոխության: «Բայց նրանք հաշվի չեն առնում, որ օր օրի իրավիճակ է փոխվում, և այսօր ԲՀԿ-ն ոչ թե իր շահերից ելնելով է էդ ամեն ինչն անում, այլ ԲՀԿ-ն ու եռյակը հանդես են գալիս ժողովրդի պահանջով: Հետևաբար ընդդիմադիր կամ դիմադիր լինելը իրավիճակն է թելադրում, ժողովրդի պահանջը, իսկ մենք՝ որպես կուսակցություն, չենք կարող ժողովրդի ձայնը չլսել»,-նկատեց Սիսիանի քաղաքապետը:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հստակ չի արտահայտում իր դիրքորոշումը և ուղղակիորեն չի հայտարարում, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Հակոբջանյանը պատասխանեց. «Դուք ուշադիր չեք լսել պարոն Ծառուկյանին: Բայց ասեմ նաև, որ միանգամից ոչինչ չի լինում: Ժամանակ է պետք, մեխանիզմներ են պետք ամեն ինչի համար»:
Հակոբջանյանը լիովին պատկերացնում է Ծառուկյանին երկրի նախագահի պաշտոնում: «Ինչու ոչ»,- ասաց նա, ապա նաև պնդեց, թե որպես ընդդիմադիրի՝ իր նկատմամբ ճնշումներ չկան մարզում, մարզպետի կողմից:







































