Այսօր լրացավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցը: 1999թ. այդ օրը Ազգային ժողովում հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կատարված ահաբեկչության ժամանակ զոհվեցին ութ գործիչներ: ԱԺ ներխուժած 5 հոգուց բաղկացած ահաբեկիչների խումբը գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին ու Հենրիկ Աբրահամյանին:
Մինչ օրս տարբեր մեկնաբանություններ են եղել, որ Հոկտեմբերի 27-ը կատարվեց մեր երկրում իշխանության բռնազավթման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ այլ պատճառներով: Այդ ահաբեկչությունից 15 տարի է անցել, սակայն կազմակերպիչները դեռևս բացահայտված և պատժված չեն: Մինչ այսօր էլ որևէ մեկը չի հավատում այն վարկածին, թե Հոկտեմբերի 27-ը միայն Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկչական խմբի ձեռքի գործն էր: Անցած 15 տարիների ընթացքում տարբեր մեկնաբանություններ են եղել այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ու հատկապես Վ. Սարգսյանի ու Կ. Դեմիրճյանի սպանությունից հետո Հայաստանի քաղաքական ու տնտեսական ընթացքը տեղափոխվեց զարգացման այլ փուլ:
Իսկ ինչ փոխվեց Հոկտեմբերի 27-ից հետո, ինչ տեղի ունեցավ և ինչ տեղի չէր ունենա, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը:
Կարեն Դեմիրճյանի ստեղծած և այժմ նրա որդի Ստեփան Դեմիրճյանի կողմից ղեկավարվող Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպողները նպատակ ունեին, որ Հայաստանը լիներ հենց այսպիսին: «Զանգվածային արտագաղթ, ես չեմ ուզում թիվ ասել, որովհետև դրանք սարսափելի կլինեն: Եվ երկիրը գնում է դատարկման ու կործանման: Ինչ խոսք, կար նաև սեփական շահը: Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, մենք կունենայինք շատ ավելի լավ Հայաստան: Ավելի ժողովրդավարական, տնտեսապես ավելի հզոր, ավելի արժանապատիվ կեցվածքով Հայաստան կունենայինք: Բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ»,- ասաց Գ. Հարությունյանը:
Վերջինս դեմ չէ այն կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ դրսի ուժերի և ներքին որոշ ուժերի փոխադարձ համաձայնությամբ: «Ներքին ուժերն ավելի շատ իրենց անձնական շահն էին հետապնդում՝ չհասկանալով երկրի համար դրա հետևանքները: Ինչ խոսք, շատ-շատ հավանական է նաև արտաքին միջամտությունը»,- եզրակացրեց Գ. Հարությունյանը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի գտնում, որ Հոկտեմբերի 27-ը փոխեց մեր երկրի ուղին: «Այսօրվա դրությամբ էլ և Ռ. Քոչարյանի ողջ իշխանավարության ընթացքում իշխանության ղեկին են գտնվում այն մարդիկ, ովքեր եղել են սպանվածների զինակիցները, ծրագրերն իրականացնողները: Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում էր Վազգեն Սարգսյանը, մինչև այսօր շարունակում է մնալ իշխանության ղեկին և դեռ ուզում է երկար մնալ: Այդ առումով ես չեմ կարող ասել, թե մեծ բեկում է մտել մեր երկրի մեջ, և եթե այդ մարդիկ շարունակեին մնալ իշխանության ղեկին, ապա երկիրը այլ կլիներ: Չեմ կարող ասել, թե ինչ կորցրեց Հայաստանի զարգացումը, չեմ կարող ասել, որ այն մարդիկ, ովքեր իշխանության ղեկին էին այդ տարիներին, Հայաստանի համար զարգացման, տնտեսական այլ ճանապարհ կընտրեին»,- ասաց նա ու իր մեծ ափսոսանքը հայտնեց զոհվածների համար, որոնցից շատերին անձամբ ճանաչել և համակրել է:
«Մեծ հաշվով, տեղի է ունեցել տեռոր, նպատակը, որքան հիշում եմ Նաիրի Հունանյանի հայտարարություններից, պետական հեղաշրջումն էր: Բայց պետական հեղաշրջում տեղի չունեցավ: Այսինքն` տեռորիստների նպատակը պետական հեղաշրջում իրականացնելն էր, որը տեղի չունեցավ»,- շարունակեց Վ. Հարությունյանը: Նա նաև հիշեց, որ մինչև Հոկտեմբերի 27-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրեթե զրկված էր միայնակ որոշումներ կայացնելու իրավունքից, դրանից հետո նա այդ իրավունքը ձեռք բերեց: «Դա է պատճառներից մեկը, որ շատ մեծ թվով մարդիկ կան, ովքեր Հոկտեմբերի 27-ը կապում են նրա հետ: Բայց հեղաշրջում տեղի չունեցավ: Իշխանության եկավ իշխանության թևերից մեկը»,- ասաց նա: Իսկ այդ ոճրագործությունից հետո, նրա խոսքերով, Հայաստանը միջազգային ասպարեզում կորցրեց իր իմիջը և դարձավ երկիր, որտեղ այսպիսի մակարդակով տեռոր է տեղի ունենում:










































