Նշանների ի հայտ գալն առ այն, որ սիրիական պատերազմը շուտ չի ավարտվի, հոռետեսության նոր ալիք է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Սիրիայի կանոնավոր բանակը մի քանի օր տևած կատաղի պայքարից հետո ապստամբներին դուրս է մղել Հոմսի կենտրոնից: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին Մոսկվայում է. Փորձում է կենդանացնել «քաղաքական անցումնային գործընթացը»:
Դրանից առաջ Բրահիմին 5 օր անցկացրել է Դամասկոսում: Նա նկարագրել է ինչ-որ աղոտ «խաղաղ նախաձեռնություն», որում նախագահ Բաշար Ասադի դերը ներկայացված չէ:
Մոսկվայում Բրահիմին հայտարարել է. «Եթե դժոխքի միակ այլընտրանքը քաղաքական գործընթացն է, ապա մենք պետք է աշխատենք քաղաքական գործընթացի համար: Դա շատ դժվար է, շատ խճճված, բայց մենք այլ ընտրություն չունենք»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ քաղաքական գործընթացը փակուղի է մտել, քանի որ սիրիական ընդդիմությունը հրաժարվում է քննարկել Սիրիայի ապագան՝ առանց իշխանությունից Ասադի հեռացման:
«Այդ նախապայմանը Սիրիայի նորանոր քաղաքացների կյանքեր արժե»,-ասել է Լավրովը:
Չնայած ապստամբներին հաջողվել է երկրի հյուսիսում և արևելքում մի շարք կարևոր բազաներ գրավել, սակայն կառավարությունը հսկա զինանոց և ավիացիա ունի: Այն վերահսկում է երկրի խիտ բնակեցված հարավարևմտյան հատվածն ու ռազմավարական կարևորություն ունեցող միջերկրածովյան ափը:
Բրահիմին և Արևմուտքը պնդում են «ժնևյան պլանի» կյանքի կոչման անհրաժեշտությունը, որի մասին այս տարվա հունիսից խոսվել է բազմիցս: Մոսկվան և Արևմուտքը, սակայն, ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվածության գալ առանցքային հարցի շուրջ: Այդ հարցը վերաբերում է Ասադի ճակատագրին:










































