Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի համար 2012-ը եղել է երազանքներից մի քանիսի իրականացման տարի: Ըստ նրա՝ երկու հրաշալի աշխատանքներ հնարավոր եղավ կյանքի կոչել։ Մեկը՝ Ավան համայնքի Սայաթ-Նովայի թաղամասում քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կանգնեցրել է բանաստեղծի մարմարակերտ արձանը, կոմպոզիցիոն քանդակը: Քանդակագործի կարծիքով՝ Ավանի բնակիչների համար դա շատ մեծ նվեր էր:
Մյուս ձեռքբերումը քանդակագործի համար Արաբկիր համայնքում դերասան Վահրամ Փափազյանի քանդակի տեղադրումն է: Նա պատմեց, որ երկար ժամանակ կար Փափազյան փողոցը, բայց բնակիչները չգիտեին՝ Վահրամ Փափազյանի՞ անունով է այն, թե՞ գրող Վրթանես Փափազյանի:
«Արաբկիրի թաղապետարանի աջակցությամբ և նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջնորդությամբ ես կանգնեցրի իմ վաղեմի երազանքներից մեկը՝ Վահրամ Փափազյանի քանդակը։ Նրան շատ սիրում եմ, մեկ անգամ քանդակել էի, և այն հիմա գտնվում է Սունդուկյանի թատրոնի նախասրահում։ Մեծ փափագ ունեի՝ այդ հանճարեղ դերասանին քանդակելու, մանավանդ այս օրերին, երբ տեսնում ենք միջակություններն այնքան շատ են»,- հավելեց քանդակագործը:
2013-ը, ըստ նրա, երևի թե էլ ավելի բեղմնավոր պետք է լինի ոչ միայն իր համար, նրա ցանկությունն է, որ ժողովուրդը համբերատար լինի. «Բոլորս գիտենք, որ գտնվում ենք «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում, և այս պայմաններում լրիվ ազատ և լրիվ անկախ լինելը հնարավոր չէ»,- ասաց քանդակագործը՝ ավելացնելով, որ իր ցանկությունն է, որ մենք բոլորս հասնենք մեր բաղձալի անկախությանը և ազատությանը, ժողովուրդն էլ մի փոքր բարեկեցիկ ապրի:
Քաղաքական առումով, ըստ Լ. Թոքմաջյանի, իհարկե 2013-թվականը շատ ավելի խաղաղ կլինի. գոնե աղքատները կարողանան «աչքերը բացել», իսկ հարուստներն էլ մի քիչ ավելի զգոն և ուշադիր լինեն, հերիք եղավ ինչքան հարստություն դիզեցին, թող մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն.
«Հայերս լավ մարդիկ ենք, լավ ժողովուրդ ենք, արժե որ մենք լավ ապրենք էլի։ Սա իմ ցանկությունն է»,- հավելեց քանդակագործը:











































