Պուտինի առաջադրած թեզիսը ապագայում կիրացվի նաև Ղարաբաղի դեպքում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով առաջիկա օրերին Փարիզում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպմանը:
Նա նշեց, որ էական փոփոխություններ այդ հանդիպումից պետք չէ ակնկալել, քանի որ փոխվել է հանդիպման օրակարգը: Ըստ նրա՝ երբ եղավ Օլանդի հրավերը, տեղեկություններ կային, որ Փարիզը նախապատրաստում է փաթեթային համաձայնություն ԼՂ հակամարտության համար՝ նորացված մադրիդյան սկզբունքներ և հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը, այնինչ ներկայումս կարծես փոխվել է օրակարգը, քանի որ ֆրանսիացիները հանդիպման արդյունքների մասին սկսել են բավական զգուշավորությամբ խոսել:
«Նրանք ասում են, որ ցանկանում են խթանել բանակցային գործընթացը: Ամփոփելով հնչած բոլոր տեսակետները՝ կարծում եմ, որ այդ գագաթնաժողովը տալու է բանակցային նոր գործընթացի մեկնարկը և ոչ ավելին: Որևէ բանով այս գագաթնաժողովը չի տարբերվելու նախորդ նախագահական հանդիպումներից: Ադրբեջանական կողմն է փորձում այդ հանդիպման օրակարգը փոխել և խոսել մեծ խաղաղ համաձայնագրի նախապատրաստման մասին, իսկ թե ի՞նչ է դա իրենից ներկայացնում՝ սա ևս որևէ մեկը չգիտի, թեև դա նոր գաղափար չէ: Ինձ թվում, որ բոլոր կողմերը ժամանակ են փորձում շահել»,- մեկնաբանեց Ստանիսլավ Տարասովը։
Նա ասաց, որ Վալդայում ելույթ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նշեց, որ ժողովուրդների առաջնահերթ իրավունքը ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունն են, ինչը վերաբերում է նաև Ղարաբաղին: Այսինքն՝ ըստ նրա, խոսքը նաև Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին է: Այս թեզիսը, ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ, կսկսի իրականացվել նաև Ղարաբաղի մասով ոչ հիմա, այլ քիչ ավելի ուշ: «Իսկ մինչ այդ Հայաստանի սահմաններն այլևս հայ-ադրբեջանական սահմաններ չեն, այլ Ադրբեջան-Եվրասիական տնտեսական միություն, ինչի համար էլ Բորդյուժան առաջին անգամ եղավ սահմանին, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն արդեն դիտարկում ենք նաև եվրասիական գործընկերների խնդիր: Իրավիճակը, ուժերը փոփոխվում են, ուստի պետք է սպասել»,- նշեց նա:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ թյուր է կարծիքը, թե ՌԴ-ի համար ընդունելի չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահների նախաձեռնությունները, քանի որ ՄԽ-ում արևմտյան և ռուսական համանախագահները գործել են միակամորեն՝ որպես ՄԽ անդամներ: «Բազայինը հենց ՄԽ դիրքորոշումն է եղել, կան նյուանսներ, բայց տարաձայնություններ չկան, նրանք հանդես են գալիս մեկ ձևաչափով ու երբեք դա չեն նսեմացնում: Արևմուտք-Ռուսաստան սառը պատերազմը չի անդրադառնում բանակցությունների վրա»,- ասաց Տարասովը:









































