1915թ. այս օրը Պետրոգրադում մահացավ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր և թատերական գործիչ Գևորգ Չմշկյանը:
Գևորգ Չմշկյանը ծնվել է 1837թ. Թիֆլիսում: Նա արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից է, Գաբրիել Սունդուկյանի պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը:
Թատերական գործունեությունն սկսել է 1863-ին: 1864թ. ստեղծել է հայ առաջին` Անկախ դերասանական ընկերությունը, «Մշակ» թերթի (1872թ.) և Թիֆլիսի թատերական ընկերության (1879թ. քարտուղարն էր և դերասանախմբի ռեժիսորը) հիմնադիրներից է, Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ (1908թ.):
Չմշկյանը հետևել է ռուսական ռեալիստական թատրոնին, պայքարել գեղարվեստական բարձրարժեք խաղացանկ ստեղծելու և բեմն արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար: 1864–1890-ական թվականներին իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին:
Չմշկյանն առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև:
Չմշկյանը թարգմանել է մոտ 20 պիես, գրել է
«Իմ հիշատակարանը» (1953թ.) գիրքը, պիեսներ («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ:









































