Աղետի գոտում անօթևան մնացածներին բնակարանով ապահովության ծրագրին, ընդհանուր առմամբ, 85 մլրդ դրամ էր հատկացվել: Այս տարի 18 շենք հանձնվեց շահագործման, 1756 ընտանիք ապահովվեցին բնակարաններով: Ինչպես այսօր տարեվերջյան ասուլիսում հայտարարեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, հաջորդ տարի ծրագիրը կավարտվի և ամբողջութամբ կապահովվեն 5500 բնակարաններ: Մեկ սենյականոց բնակարանների հավականող 330 ընտանիքների նախորդ ամիս 3 մլն դրամ է հատկացվել:
Ծրագրից դուրս մնացած անտուն ընտանիքների համար Ս. Թադևոսյանը նշեց, որ համապատասխան ուսումնասիրություններ են արվել, որի եզրակացության հիման վրա կորոշվեն հետագա անելիքները. «Կիսատ-պռատ չի ծրագիրն իրականացվել: Տեղական համայնքների կողմից ներկայացված էր 6500 ընտանիք, բայց պարզվեց, որ 400 ընտանիք հանրապետութունից բացակայոմ է, մի մասը չհասցրեց ամբողջ փաստաթղթերը ներկայացնել, բայց ժամկետը երկարաձգվել է մինչև այս տարվա վերջը»:
Ըստ նախարարի՝ անցնող տարում 7.7 մլրդ դրամի հիմնանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել շուրջ 110 կրթական, մշակութային մարզական օբյեկտներում, որոնցից 33-ի աշխատանքներն արդեն ավարտվել են:
Նշելով, որ արատավոր երևույթները հնարավոր չէ ամբողջությամբ կանխել, Ս. Թադևոսյանը հայտարարեց, թե «բաց և թափանցիկ մրցույթների» անցկացման շնորհիվ հաջողվել է 600 մլն դրամ տնտեսել, որն ուղղվել է բյուջե: Ընդ որում՝ նախարարն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց՝ մրցույթներն այսուհետ «բաց և թափանցիկ» են: Նրա խոսքով՝ քաղշին պետական տեսչության ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար 53 մլն դրամի տուգանքներ են նշանակվել: Օրինակ՝ նույն անձը տեխհսկողություն է իրականացնում 150 օբյեկտներում:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ որևէ «ձկան գլուխ» բռնվե՞լ է, ինչպես Սերժ Սարգսյանն էր հանձնարարել՝ Ս. Թադևոսյանը նշեց, թե իրավապահ մարմիններում են գտնվում մի քանի աղմկահարույց գործեր՝ Ազգային գրադարանի, Մեծ Մանթաշի դպրոցի, նաև, իհարկե, կան նորերը: Մասնավորապես՝ ֆիննախարարության կողմից ստուգումներ են իրականացվել, կան նոր բացահայտումներ, հարցերը քննարկվում են:
«Որպես տարվա ձեռքբերում կարելի է համարել արատավոր երևույթների նկատմամբ հսկողություն սահմանելը»,- հայտարարեց նախարարը, իսկ բացթողումների մեջ նա նշեց «արատավոր երևույթները» և իր կարճ պաշտոնավարումը, բայց խոստացավ հաջորդ տարի ավարտին հասցնել գործը:










































