Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Վենեսուելայի իշխանությունների հետ քննարկում է արաբական հանրապետությունում իրադրության վատթարացման դեպքում իրեն քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով թուրքական թերթերին: Վերջիններս մեջբերում են դիվանագիտական շրջանակների աղբյուրների հայտարարությունը:
Երեկ միանգամից երեք պարբերականներ հանդես եկան սենսացիոն նորությամբ: Տեղեկությունն, իբր, հաստատվել է Կարակասում Թուրքիայի դեսպանատան կողմից: Վերջապես վենեսուելացի պաշտոնյաները անուղղակիորեն հաստատել են Դամասկոսից հարցման ստացումը: Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը:
Պարբերականների տեղեկություններով՝ Ասադը ուղերձն ուղարկել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի անունով, որը ներկայում կատարում է պետության ղեկավարի պարտականությունները` բուժման կուրս անցնող Ուգո Չավեսի փոխարեն: Նախկին արտգործնախարար Մադուրոն, իբր, դրական պատասխան է տվել սիրիացի առաջնորդի հարցմանը:









































