Բրինգեմ Յանգի համալսարանի երկրաբանների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մի գեղեցիկ օր Հավայան կղզիները, որոնք հայտնի են իրենց հրաբուխներով և լեռնագագաթներով, կնմանվեն հարթավայրերով հարուստ Մալդիվներին:
Տեկտոնիկ սալիկների շարժի շնորհիվ արշիպելագը շարունակում է վեր բարձրանալ, և այդ աճը կշարունակվի դեռ առնվազն կես միլիոն տարի: Սակայն Սթիվ Նելսոնն ու իր գործընկերները պարզել են, որ գրունտային ջրերը կղզին ուղիղ իմաստով լուծում են ներսից: Եվ երբ աճը դադարի, լեռնային լանդշաֆտները բավականին արագ կվերածվեն հովիտների:
Հետազոտողները կղզիներում են մնացել երկու ամիս՝ հասկանալու համար, թե որքանով արագ է ընթանում կղզիների կործանումը, և ինչն է առավել մեծ ազդում այդ գործընթացների վրա: Նրանք ցուցանմուշներ են վերցրել գետերից և ուսումնասիրել գրունտային ջրերի կազմը:
Պարզվել է որ ստորգետնյա ջրերը պարունակում են մեծ թվով հանքանյութեր, որոնք նման են հրաբխային ընդերքի հանքանյութերին: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ հենց դրանք, այլ ոչ թե մակերևութային էրոզիան է ամենամեծ ազդեցությունը թողնում լեռնային վայրի երկրաբանության վրա:









































