Նիկարագուայում արթնացել է Սան Քրիստոբալ հրաբուխը, սկսվել է բնակիչների տարհանումը,- հաղորդում է Associated Press-ը:
Սան Քրիստոբալը ամենաբարձր հրաբուխն է երկրում և տեղակայված է մայրաքաղաքից 135 կմ հեռավորության վրա: Այն արթնացել է 2012 թ. դեկտեմբերի 26-ին՝ օդ արտանետելով հրաբխային մոխրի հսկայական մի ամպ:
Կապված հրաբխային ակտիվության սկսվելու հետ՝ երկրի իշխանությունները որոշում են կայացրել տեղի բնակիչների տարհանման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, հրաբխի ստորոտում բնակվում է գրեթե 300 ընտանիք:
Ըստ տեղի ղեկավարության ներկայացուցիչների՝ բնակիչներին խնդրել են մի քանի օր հեռու մնալ հրաբխի մոտակայքից այն դեպքում, եթե հանկարծ ուժեղ ժայթքում սկսվի:
«Ներկա դրությամբ մենք չենք կարող հստակ ասել՝ արդյոք ժայթքում կլինի՞, թե՞ ոչ, իսկ եթե լինի՝ որքան հզոր կլինի: Այդ պատճառով մենք խնդրում ենք տեղի բնակիչներին, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել»,- հաղորդել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը:
Վերջին անգամ Սան Քրիստոբալ հրաբուխը ակտիվության նշաններ է ցույց տվել 2012 թ. սեպտեմբերին: Հրաբխի փոքր ժայթքումների շարք նկատվել է նաև 2008 թ.:









































