ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ չի վերաբնակեցվում ԼՂՀ-ն, ասաց, որ այդ հարցը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Ըստ նրա` նախկինում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Բաքվից եկած փախստականներին ստիպողաբար չեն վերաբնակեցնում, այլ թողնում են, որ դա ընթանա բնական հունով:
Մեր դիտարկմանը, թե 90-ականների սկզբներին` պատերազմի ավարտից հետո այդ հարցին իշխանությունները մեծ ուշադրություն էին դարձնում, պարոն Սահակյանը նշեց.
«Ես չեմ կարծում, որ այսօր այդ հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնից դուրս է: Նաև կան ժամանակաշրջանի հրամայականներ, խնդիրներ, այսօր էլ բնական հունով իրականացվում են այդ միջոցառումները:
Եթե նախկինում վերաբնակեցման անվան տակ նպաստավոր պայմաններ ստեղծելով, մարդկանց շահագրգռելով, հողատարածք հատկացնելով` ուղարկում էին բնակեցման, և հաշվի առնելով այն ժամանակ պատերազմի վերսկսման վտանգը` այնքան էլ մեծ ցանկությամբ չէին գնում, ապա հիմա ավելի մեծ ցանկությամբ են գնում»,- իշխանություններին պաշտպանեց նա:











































