ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) ահաբեկչական կազմակերպությունը իր քարոզչական Dabiq ամսագրի շապիկին հրապարակել է կազմակերպության դրոշը` Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակի ֆոնին: Այս մասին գրում է Corriere della Sera-ն:
Դատելով ամսագրի շապիկի վերնագրից`«Ձախողված գործողություն», ծայրահեղական ամսագրի 4-րդ համարի հիմնական թեման ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունն է ԴԱԻՇ-ի դեմ: Շապիկին Photoshop-ի միջոցով պատկերված է ԴԱԻՇ-ի խորհրդանշանով սև դրոշը Վատիկանի գլխավոր խորհրդանշանի` Սուրբ Պետրոսի տաճարի ֆոնին:
Նշվում է, որ ամսագրում հոդված կա Հռոմի և հռոմեացիների դեմ պայքարի մասին, ինչը ջիհադիստների տերմինաբանությամբ նշանակում է բոլոր արևմտյան ժողովուրդները:
Նյութում նաև մեջբերվում են ԴԱԻՇ-ի մամլո քարտուղար Մոհամեդ էլ-Ադնանիի խոսքերը. «Մենք կզավթենք ձեր Հռոմը, կկոտրենք ձեր խաչերը, կկրոնափոխենք ձեր կանանց` ամենաբարձրյալ ալլահի թույլտվությամբ: Եթե մենք դրան չհասնենք այժմ, ապա մեր երեխաներն ու թոռները կհասնեն դրան, և նրանք ձեր որդիներին որպես ստրուկներ կվաճառեն կամազուրկների շուկայում»:









































