Արևմտյան ԶԼՄ-ներում արագ տարածվել և ոչ միանշանակ արձագանք է գտել տեսանյութն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կատակում Կոլորադո նահանգի սենատորի սուրճի բաժակի մեջ նկարված մարիխուանայի տերևի մասին, գրում է RIA Novosti-ն:
Կոլորադո կատարած աշխատանքային այցի ժամանակ Հիլարի Քլինթոնը սրճարաններից մեկում հանդիպել է նահանգի սենատոր Մարկ Յուդալլի հետ, քաղաքական գործիչները երկու լատտե են պատվիրել: Բարմենուհին սուրճի բաժակների վրա կաթով նախշեր է նկարել. Քլինթոնը խոզի մռութով բաժակն է ստացել, իսկ Յուդալլը՝ կաղնու տերևով:
Տեսնելով իր բաժակը՝ Քլինթոնը զարմացել է պատկերի վրա, այնուհետև նայելով սենատորի բաժակին ասել է. «Նայեք, ձեր մոտ կարծես տերև լինի: Դա իրականում մարիխուանայի տերև՞ է»:
«Հենց այդպես է»,- երկխոսությանը միջամտել է բարմենուհին, որից հետո բոլորը բարձր ծիծաղել են:
2013թ. ԱՄՆ-ի երկու նահանգներում՝ Վաշինգտոնում և Կոլորադոյում պաշտոնապես թույլատրվել է մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը:









































