Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ընթացիկ տարվա (սկսվել է մարտի 21-ից) առաջին 8 ամիսներին Իրանն Ադրբեջան է արտահանել 384 միլիոն դոլարի արտադրանք: Այս մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպանատան առևտրային հարցերով խորհրդական Ֆարաջ Շահիդին:
Վերջինիս խոսքերով՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումն աճել է 18.5 տոկոսով: Շահիդին հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի մինչև 600 միլիոն դոլարի: Իրանը հիմնականում Ադրբեջան է արտահանում ցեմենտ, կարտոֆիլ, նավթաքիմիական արտադրանք, շինանյութեր և սննդամթերք:
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից Իրան է ներկրվել 37 միլիոն դոլարի ապրանք՝ հիմնականում պողպատ, երկաթ, փայտանյութ և այլն: Ադրբեջանը զբաղեցնում է այն երկրների ցանկի 11-րդ տեղը, ուր Իրանն արտահանում է ոչ նավթային ոլորտի ապրանքներ:










































