Այսօր Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և Հայաստանի բանկերի միությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի արդյունքում առևտրային բանկերի և միկրովարկավորման կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ` փոքր և միջին ձեռնարկությունների ռիսկերի առավել արդյունավետ կառավարման և վերջիններիս տարատեսակ ծառայությունների տարամադրման թեմաներով: Դասընթացների ընթացքում կներկայացվի միջազգային լավագույն փորձը, ինչը կօգնի ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներին բարելավել իրենց հմտությունները և ֆինանսական ռիսկերին դիմադրողությունը, մեծացնել իրենց վարկավորման հնարավորությունները, հատկապես փոքր և միջին ձեռնակարկությունների հետ առնչվելիս:
«Մենք ողջունում ենք IFC-ի հետ համագործակցության հնարավորությունը, ինչը կօգնի մեզ փոխանցել միջազգային փորձը և գիտելիքները Հայաստանի բանկային համակարգ», – ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը նշեց. «IFC-ն նշանակալիորեն մեծացրել է Հայաստանի բանկային համակարգի աջակցությանն ուղղված իր ծրագրի ծավալները: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը ևս մեկ հնարավորություն կստեղծի բարձրացնելու ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունները: Այս նախաձեռնության շնորհիվ, մենք կօժանդակենք տեղական բանկերին` ավելի լավ սպասարկելու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված իրենց հաճախորդներին:
Այս նախաձեռնությունը կազմում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական կազմակերպություններին ուղղված խորհրդատվական ծրագրի մաս, որը կոչված է օժանդակելու ֆինանսական կազմակերպություններին դուրս գալու գլոբալ ֆինանսական ճգնաժամից` աջակցելով կայուն տնտեսական զարգացմանը տարածաշրջանում: IFC-ն իրականացնում է ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման բանկի հետ:









































