Այսօր ամերիկացի հայտնի դիզայներ Ռալֆ Լորենը տոնում է իր 75-ամյակը: Ծագումով Բելառուսից դիզայների հավաքածուն դարձել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում էլեգանտության ու կանացիության խորհրդանիշ:
Նրա ոճի հավատարիմ երկրպագուներից են հոլիվուդյան գեղեցկուհիներ Գվինեթ Փելթրոուն, Պենելոպա Կրուսը, Քեյթ Բլանշետը, Բլեք Լայվլին, Ջեսիկա Ալբան ու այլք:
Ռալֆ Լորենի ծննդյան օրը ELLE-ը հիշում է լեգենդար դիզայների մուսաներին: Դիզայների խոսքով՝ ինքը հենց նրանց է պարտական իր հաջողության համար:
Կինը՝ Ռիկին

Ավստրուհի Ռիկի Անն-Լով-Բիրը, որի հետ դիզայները 1964-ին պատահաբար բախվել է ակնաբույժի սենյակում, առաջին իսկ ծանոթությունից նվաճել է ապագա դիզայների սիրտը: Սիրահարները ամուսնացել են ծանոթությունից կես տարի անց ու մինչ օրս հավատարիմ են միմյանց՝ ցուցադրելով ամուր ամուսնության հազվադեպ օրինակ:
Ռիկին դիզայների հետ անցել է նրա նորաձևության կայսրության կայացման բոլոր աստիճաններով՝ լինելով իր ամուսնու համար ոգեշնչման գլխավոր աղբյուրն ու նրա խորհրդատուն:
Զույգն ունի 3 երեխա՝ Էնդրյու ու Դևիդ որդիներն ու դուստրը՝ Դիլանը, որը հայտնի է կոնֆետների Dylan’s Candy Bar խանութների ցանցով, ինչը լայն տարածում ունի Նյու Յորքում:
Դուստրը՝ Դիլանը

Այժմ արդեն 40 տարեկան Դիլանը բարուրից է ոգեշնչել իր հայտնի հորը: Դիլանն իր յուրաքանչյուր հարցազրույցում խոստովանում է, որ իր զգեստապահարանի մեծ մասը բաղկացած է Ralph Lauren հավաքածուից:
Կիմ Նաի

Դասական «Ralph Lauren աղջիկը»՝ բարձրահասակ, շիկահեր Կիմ Նաին առաջին անգամ ապրանքանիշի գովազդային արշավում հայտնվեց 1990-ին: Այդ ժամանակ քչերին հայտնի մոդելը ամերիկացիների համար դարձավ անկաշկանդության ու նոր սեքսուալության օրինակ:
Երկար ժամանակ Կիմը դիզայների օրինակելի մոդելն էր՝ նրա իդեալական կազմվածքը Լորենն օգտագործում էր իր նոր հավաքածուի յուրաքանչյուր իրի հարմարեցման համար: Չարակամները նույնիսկ ակնարկում էին, թե գաղտնի սիրավեպ կա դիզայների ու նրա մուսայի միջև:
Վալենտինա Զելյաևա

2004 թվականից ռուս գեղեցկուհի Վալենտինա Զելյաևան Ռալֆ Լորենի մուսան է: Նա զարդարում է ապրանքանիշի գովազդային արշավները ու մինչ օրս, ըստ դիզայների՝ «Ralph Lauren ոճի մարմնացում է»: Վալենտինան փոխարինեց Կիմ Նաիին՝ դիզայների հետ ստորագրելով էքսկլյուզիվ պայմանագիր:







































