Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Իշխանությունը լուծելու է մեկ հարց՝ վերջնականապես սև խաչ է քաշելու Տեր-Պետրոսյանի գործունեության երկրորդ փուլի վրա»:
Նրա խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնահատուկ պատասխանատվություն էր կրում Մարտի 1-ի դահիճներին պատասխանատվության ենթարկելու հարցում, քանի որ այս հինգ տարիները ցույց տվեցին` այդ հարցը գործող իշխանության օրոք անհնար է լուծել: ՀՀ առաջին նախագահը պարտավոր էր շարունակել իր պայքարն իշխանափոխության համար, այնինչ դրա փոխարեն նա հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին:
Քաղաքագետին մտահոգել է նախագահական ընտրություններին չմասնակցելու` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառաբանությունը. «Նա ոչ թե քաղաքական ակտիվ կեցվածք է ընդունում, ինչպիսին բոյկոտն է, այլ վկայակոչում է իր տարիքը: Անհասկանալի է, երբ վկայակոչում ես տարիքդ, ինչո՞ւ դա չես տարածում ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու վրա, այլ ընդամենը սահմանափակվում ես նախագահական ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցով:
Ոչ ոք չի կարող որևէ մեկին համոզել, որ նախագահի պաշտոնին հավակնելը ավելի ծանր բեռ է, քան ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի դերում հանդես գալը. տևական ժամանակ պայքարել նախագահի պաշտոնի, իշխանության համար, որովհետև իշխանության լծակները ստանալով է հնարավոր կյանքի կոչել ինչ-ինչ լուրջ ծրագրեր:
Այս ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը ամենայն սրությամբ պետք է բարձրացներ իշխանափոխության հարցը: Նրանից դա էին ակնկալում ինչպես Մարտի 1-ի զոհերի հարազատները, այնպես էլ մեր հասարակությունն ամբողջությամբ: Սպասում էին նպատակասլաց պայքար` հանուն իշխանափոխության, ոչ թե պատճառաբանություններ, թե իր տարիքը այն չէ, իրենից սպասումներ չունենան: Սա որևէ մեկին չի կարող համոզել»:
Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ երեք տարբերակ՝ երկու պատվաբեր և մեկ անպատվաբեր, և նա ընտրեց վերջին` անպատվաբեր տարբերակը: Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ՝ այն, ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքական դիրքորոշում չէր: Ուստի նա նշեց, որ քաղաքական դիրքորոշումն այն կլիներ, որ նա կամ մասնակցեր ընտրություններին, կամ հայտարարեր ընտրությունները բոյկոտելու մասին:
«Եթե իսկապես համարում է, որ Սերժ Սարգսյանը Մուբարաք է, Սադամ Հուսեյին, ուրեմն ճիշտ կլիներ, որ ինքը կազմակերպեր բոյկոտ, եթե երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական գործիչ էր: Պետք է վառ հռետորաբանությամբ համոզեր Հրանտ Բագրատյանին այդ խեղկատակությանը չմասնակցել»,- տեսակետ հայտնեց Հմայակ Հովհաննիսյանը:
Քաղաքագետի կարծիքով` առանց նրա ընտրությունները կվերածվեն խեղկատակության, որի արդյունքում իշխանությունը կլուծի մեկ հարց՝ ամեն ինչ կանի, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն ստանա, քան Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին` դրանով իսկ վերջնականապես սև խաչ քաշելով Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության երկրորդ փուլի վրա:








































